Հնդկաստանի առողջապահության նախարարությունը տեղեկանալով, որ բոլիվուդյան դերասանը և նրա կինը գիտեն իրենց երեխայի սեռը հետախուզում են սկսել նրանց նկատմամբ:
Առողջապահության նախարարությանը բողոք է հասել, որ Շահ Րուխ Խանը և նրա կինը՝ Գաուրին, գիտեն, որ իրենք տղա են ունենալու:
Հնդակաստանում երեխայի սեռը նախօրոք իմանալը արգելվել է՝ երեխայի սեռի պատճառով իրականացվող հղիության արհեստական ընդհատումները կանխելու համար:
Հնդկական մամուլի տեղեկություններով՝ Խանը տանը չի եղել, երբ առողջապահության նախարարության աշխատակիցները այցելել են նրան՝ նրանց երեխայի սուրոգատային մոր վերաբերյալ հարցեր տալու համար:
16 և 13 տարեկան երկու երեխայի հայր Խանը այս կապակցությամբ մեկնաբանություններ չի արել:
Հնդկաստանի ռադիոլոգիայի ասոցիացիայի բժիշկներից մեկը CNN-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ինքը կցանկանար իմանալ, թե ինչպես է այդ խիստ գաղտնի ինֆորմացիան տարածվել, քանի որ դրա մասին իմանում է միայն բժիշկը՝ ավելացնելով, որ երեխայի սեռի գաղտնիությունը պահելու վերաբերյալ օրենքին չենթարկվող բժիշկների ու հիվանդների դեմ քայլեր պետք է ձեռնարկվեն:
2011թ-ի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հնդկաստանում 6 տարեկանից ցածր 1,000 տղային բաժին է հասնում 914 աղջիկ: Դա տեղի է ունեցել տղա երեխաներին նախապատվություն տալու և աղջիկ երեխայի պարագայում հղիությունը ընդհատելու արդյունքում:
Բացի Հնդկաստանից՝ երեխայի սեռը ցույց տվող թեստերը արգելվել են նաև մի շարք այլ ասիական երկրներում, որտեղ նախապատվություն են տալիս տղաներին:
Երեխայի սեռի վերաբերյալ հիվանդին տեղեկացրած բժշկին սպառնում է երեք տարվա ազատազրկում կամ հինգ տարով բժշկական լիցենզիայի կասեցում:
Ծնողներին ևս սպառնում է հինգ տարվա ազատազրկում:
Tags: Հնդկաստան
