Վանաձորի թիվ 8 դպրոցի աշխատակազմն արդեն երկու ամիս է աշխատավարձ չի ստացել

DSCN4182Վանաձորի թիվ 8 դպրոցի աշխատակազմը արդեն կորցրել է աշխատավարձ ստանալու հույսը, ուսուցիչները չգիտեն` ինչ անել: Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանը, դպրոցի ուսումնական գծով տնօրեն Ասյա Զալյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Նարինե Միքայելյանը և ռուսաց լեզվի ուսուցիչ, արհկոմի նախագահ Մանյա Ծատուրյանը այսօր հանդիպեցին լրագրողների հետ «Հենարան» մամուլի ակումբում:

Խնդիրը սկսվել է դեռևս ինը տարի առաջ, երբ ինֆորմատիկայի ուսուցուհի Սուսաննա Սարգսյանը ազատվել է աշխատանքից, այնուհետև դատի տվել դպրոցին` պահանջելով իր 2 տարվա աշխատավարձը` ըստ աշխատակիցների`  ներկայացնելով կեղծ դրույքաչափ եւ կեղծ աշխատավարձի չափ: Դատարանը բավարարել է նրա այդ պահանջը, եւ դպրոցի ուսուցիչների աշխատավարձերի միջոցներից բռնագանձել 2 մլն 632 հազար դրամ: Դրանից հետո դպրոցի վրա, այսպես ասած, հաշվիչ է միացված, պարբերաբար կամ բռնագանձումներ են լինում կամ էլ, ինչպես ներկայումս, անձնակազմը չի կարողանում աշխատավարձ ստանալ:

«Գործը գնալով խճճվում է: Մենք չենք կարողանում ստանալ օրենքով սահմանված մեր աշխատավարձը, չնայած գումարը հաշվի վրա է, պարզապես սառեցված է»,- նշեց դպրոցի տնօրենը` հավելելով, որ ինքը դիմել է հարկադիր կատարման ծառայություն, բայց տեղաշարժ չկա:

«Երկու դատավորների անօրինական ուժի մեջ մտած որոշման հեոտևանքով դպրոցը կործանվում է, 43 ընտանիք առանց փողի է մնացել»,-ասաց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նարինե Միքայելյանը:

Ուսուցչուհիները նաև հայտնեցին, որ պատրաստվում են դիմել Գլխավոր հարկադիր կատարող պարոն Պողոսյանին` 43 ուսուցիչների և նրանց ընտանիքների անունից խնդրելով կարգավորել հարցը: