Բելգիայի իշխանությունները քննարկում են երիտասարդներին ալկոհոլի վաճառքի արգելման վերաբերյալ օրինագիծը: Մի դեպքում հնարավոր է արգելվի սպիրտային խմիչքի վաճառքը մինչև 18 տարեկան անձանց, իսկ մյուս տարբերակում այդ արգելքը կտարածվի մինչև 16 տարեկան երիտասարդների վրա:
Վերջերս նման արգելք ընդունվել էր նաև Նիդեռլանդներում, որտեղ այլևս չի թույլատրվում ալկոհոլ վաճառել 18 տարեկանից փոքր անձանց: Նման օրենք գործում է Եվրամիության անդամ 27 երկրներից 19-ում, սակայն Հունաստանում ալկոհոլ կարող են գնել 17 տարեկան երիտասարդները, իսկ ԵՄ 7 երկրներում, ներառյալ Բելգիան, արգելքի շեմը 16 տարեկանն է:
Նշենք, որ Նորվեգիայում և Իսլանդիայում ալկոհոլի վաճառքի հարցը ավելի խիստ է, այնտեղ թունդ սպիրտային խմիչք կարող են ձեռք բերել միայն 20 տարին լրացած երիտասարդները:
