ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ապագա չունի` «նա խորտակել է իր երկիրը արյան մեջ և այլևս չի կարող լեգիտիմություն ձեռք բերել»: Օբաման ընդգծել է, որ Սիրիան ժողովրդավարության և խաղաղության կարիք ունի, և ասել է, որ Վաշինգտոնը կօգնի սիրիական ընդդիմությանը, սակայն չի նշել, թե հատկապես ինչ տիպի օգնության մասին է խոսքը:
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, Օբաման խոսել է նաև «Թալիբան» շարժման հետ բանակցությունների մասին: «Մենք գիտենք, որ Աֆղանստանում տիրող լարված իրավիճակը դեռ երկար կշարունակվի, սակայն պետք է ձգտենք երկխոսություն հաստատել»,-հայտարարել է Օբաման:
Կանցլեր Անգելա Մերկելը իր հերթին նշել է, որ Գերմանիան զենք չի տրամադրելու Սիրիային, ելնելով այն մտավախությունից, որ այն կարող է ոչ ճիշտ ձեռքերում հայտնվել: «Զենքի փոխարեն մենք հումանիտար օգնություն կուղարկենք Սիրիա»,-հայտարարել է Մերկելը:
