Ինչպես գիտենք՝ այս օրերին հակակառավարական ցույցեր են ընթանում ոչ միայն Թուրքիայում, այլ նաև Բրազիլիայում: Ահա Վաշինգթոնի Բրուքինգսի համալսարանի փորձագետ Վանդա Բրաունը փորձել է վերլուծել այս երկու երկրներում տեղի ունեցող իրադարձությունների պատճառները, անցկացնել համեմատականներ, գտնել նմանություններ և տարբերություններ:
Թուրքիան և Բրազիլիան համարվում են «աճող ուժ» և հանդիսանում են առաջատար իրենց տարածաշրջաններում՝ Մերձավոր Արևելքում և Հարավային Ամերիկայում: Սակայն նրանց մեջ կա նաև տարբերություններ: Դրանք հիմնականում կապված են հասարակական ոլորտի վրա տնտեսական աճի ազդեցության հետ: Եթե Թուրքիայում վերջին տասը տարիներին տնտեսական աճը դրական ազդեցություն է գործել բնակչության միջին և ցածր խավերի վրա, ապա Բրազիլիայում դա տեղի չի ունեցել:
Երկու երկրներին միավորում են վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները՝ զանգվածային ցույցերը, բողոքները, որոնք կարծես թե աննշան պատճառներից սկսվեցին: Թուրքիայում դժգոհության առիթ դարձավ Թաքսիմի «Գեզի» այգու ծառահատումը, իսկ Բրազիլիայում մարդիկ բողոքի ցույցերի դուրս եկան հասարակական տրանսպորտի ուղեվճարի թանկացման պատճառով: Սակայն եթե Բրազիլիայում ցույցերի պատճառը սոցիալական անարդարությունն էր, ապա Թուրքիայում ցուցարարները կառավարությանը սկսեցին մեղադրել խոսքի ազատության սահմանափակման և քաղաքացիների անձնական կյանքին խառնվելու մեջ, այսինքն ժողովրդավարության սկզբունքների ոտնահարման:
Ակնհայտ է, որ երկու երկրներում էլ ցույցերի իրական պատճառը քաղաքացիների դժգոհությունն է իշխող կառավարությունից, պարզապես դրանց պատճառներն են տարբեր:
