«Թող Ռուսաստանը հայտարարի, որ մեր արյան գնով փող է աշխատում, մենք էլ իմանանաք, որ ունենք այդ տեսակ «դաշնակից»», – Արա Պապյան

DSCN4207Ռուսաստանի և Ադրբեջանի վերջին աղմկոտ ռազմական համագործակցության, Հայաստանին սպառնացող վտանգների ու Ռուսաստանի դիրքորոշման մասին այսօր լրագրողների հետ խոսեց Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: Մասնագետը նախ շեշտեց, որ Մոսկվայի` Բաքվին տրամադրած զենքերը ունեն հարձակողական բնույթ, նորագույնն են իրենց տեսակում, իսկ հետխորհրդային  պետություններից այդ կարգի զենք ունեն միայն Ռուսաստանը  և Ուկրաինան:

Արա Պապյանը  հայտնեց, որ վերջին իրադարձությունների ֆոնին իր համար ամենացավալին հայկական քաղաքագիտական մտքի անկումն է. «Շատ հայ քաղաքագետներ ասես  արդարացնում են Ռուսաստանի  քայլը, մինչդեռ պետք է թողնել, որ իրենք մեկնաբանեն, հիմնավորեն ու արդարանան: Հարցը այն չէ` կխախտվի արդյոք ռազմական հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, որովհետև անգամ հավասարակշռության պահպանումը այս պարագայում կստեղծի վտանգավոր վիճակ: Հնարավոր պատերազմի դեպքում կրկնակի շատ զոհեր կլինեն: Թող Ռուսաստանը հայտարարի, որ մեր արյան գնով փող է աշխատում, մենք էլ իմանանաք, որ ունենք այդ տեսակ «դաշնակից»:  Ի վերջո, չգիտենք` Ռուսաստանն  ինչ դիրք կունենա հնարավոր պատերազմի ժամանակ: Մենք դառը փորձ ունենք: Ռուսատանը մեզ մեկ անգամ չէ, որ մեզ մենակ է  թողել: Ի՞նչ երաշխիք կա, որ հիմա այդպես չի վարվի», – ասաց քաղաքագետը: