Ադրբեջանի Միլի Մեջլիսը քննադատել է Եվրախորհրդարանին

2 (3)Ադրբեջանի Միլի Մեջլիսի (խորհրդարան) պատգամավորները հունիսի 21-ի նիստի ժամանակ քննադատել են Ադրբեջանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած վերջին բանաձևը, հաղորդում է ադրբեջանական “1նյուզ” կայքը:

“Ադրբեջանի անկախ քաղաքականությունը շատերին դուր չի գալիս, և շատ երկրներ ու պատգամավորներ փորձում են իրենց դիրքորոշումը պարտադրել մեզ: Ամեն անգամ, երբ Ադրբեջանը հերթական հաջողությանն է հասնում, Եվրախորհրդարանը Ադրբեջանի դեմ ուղղված ինչ-որ բանաձև է ընդունում: Այսօր Ադրբեջանի և Եվրամիության միջև կառուցողական համագործակցություն է ընթանում: Առաջին անգամ Եվրախորհրդարանի և Միլի մեջլիսի միջև համագործակցության հանձնաժողով է ստեղծվել: Ադրբեջանը դարձել է Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի ակտիվ մասնակիցը: Այդ ամենի նպատակն է զարգացնել համագործակցությունը Եվրախորհրդարանի և Միլի մեջլիսի միջև: Սակայն հարցը առանց Համագործակցության հանձնաժողովում և Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում քննարկելու դրվել է քննարկման Եվրախորհրդարանում: Եվրախորհրդարանի նպատակն Ադրբեջանի վրա ճնշում գործադրելն է”,- հայտարարել է Միլի Մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովը:

Նշենք, որ Եվրոդատարանը հունիսի 13-ին ընդունել է “Ադրբեջան. Իլգար Մամեդովի գործը” վերատառությամբ բանաձև, որում մարդու իրավունքները ոտնահարելու համար դատապարտում է Ադրբեջանի իշխանություններին: Մամեդովը ձերբակալվել է 2013թ. հունվարի 23-24-ը Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում անկարգությունների կազմակերպման մեղադրանքով: Նրան սպառնում էր մինչև 7 տարվա ազատազրկում: Ձերբակալությունից օրեր անց Հանրապետական այլընտրանք շարժումը հայտարարեց, որ 2013թ. հոկտեմբերին կայանալիք նախագահակահական ընտրություններում առաջադրելու է Մամեդովի թեկնածությունը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սկսել է Իլգար Մամեդովի գործի ուսումնասիրությունը: Նրա իրավունքների բազմաթիվ խախտումների մասին հայցը դատարան է ներկայացվել փետրվարին:

Այս բանաձևին արձագանքել են նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն և նախագահի աշխատակազմը`Եվրախորհրդարանին մեղադրելով կողմնակալության մեջ: