«Ռուսաստան-Ադրբեջան ռազմական համագործակցությունից արյան հոտ է գալիս», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: Քաղաքագետին չի բավարարում Հայաստանի միակ պաշտոնական այն հայտարարությունը, թե Բաքվի գնած զենքերը չեն խախտում Հայաստանի և Ադրբեջանի ռազմական հավասարակշռությունը: «Պաշտոնական Երևանը պետք է բողոքի: Հասկացեք` զենքի մեջ արյուն կա: Սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, բայց այս անգամ խմբաքանակը շատ մեծ է, իսկ զենքերը` հարձակվողական տիպի: Ռուսաստանի նման քայլը չի կարելի մեկնաբանել նրանով, թե նա վախեցնում է Հայաստանին՝ կասեցնելով Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը և հարկադրելով ավելի ակտիվ մասնակցության եվրասիական ինտեգրացիոն նախագծում, քանի որ Ադրբեջանին նման կարգի զինամթերք տրամադրելը շատ լուրջ քայլ է, որը ցույց է տալիս, որ մեր «դաշնակիցը» մեզ արդեն իր գրպանում է համարում և ուզում է գործերը հարթել հիմա էլ Ադրբեջանի հետ: Չպետք է թույլ տանք, որ Ռուսաստանին թվա, թե մենք իրենից «փախչելու տեղ չունենք»», – ասաց Արա Պապյանը և մեր հարցին, թե հատկապես ինչ քաղաքականություն պետք է այս պահին որդեգրել` նկատի ունենալով, որ Հայաստանն արդեն ինչ-ինչ հանգամանքների բերումով տնտեսապես կախված է Ռուսաստանից, պատասխանեց. « Հստակ քաղաքական դիրքորոշում է պետք: Իսկ այս պահին Պետք էակտիվորեն զարգացնենք մեր այլըտրանքները: Օրինակ` մի երկրի Էներգամատակարարումը չի կարող ամբողջությամբ պատկանել մեկ այլ երկրի, թող Ռուսաստանը հասկանա, որ ինքը կարող է ունենալ դրա, օրինակ, երեսուն տոկոսը և ոչ ավել: Մեզ հակակշիռներ են պետք, քանի որ հիմա ավելի վատ վիճակում ենք, քան եթե լինեինք Ռուսաստանի իշխանության տակ, ով իբր մեր դաշնակիցն է, բայց, փաստորեն, չունի պարտավորություններ»:
