“Հարավային Կովկասում կայունություն չի կարող հաստատվել առանց Ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծման: Եվրոմիությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին”,-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ անցկացրած բանակցություններից հետո հայտարարել է Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպեյը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ռոմպեյը հավելել է, որ Եվրամիությունը սատարում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի ջանքերին, ինչպես նաև ողջունում է «G-8» գագաթաժողովի շրջանակում ԼՂ հարցի վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդների ընդունած համատեղ հայտարարությունը:
“Ադրբեջանը Եվրամիության կարևոր գործընկերն է: Մենք միասին շատ ձեռքբերումներ ունենք, այդ թվում էներգետիկայի բնագավառում: Միասին կարող ենք շատ այլ բաների էլ հասնել”,-հավելել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան`բնորոշելոց ԵՄ-Ադրբեջան համագործակցությունը:
Ռոմպեյը նշել է նաև, որ Ալիևի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև էներգետիկ ծրագրերին, Ադրբեջանում մարդու իրավունքների, ժողովրդավարության զարգացմանն առնչվող հարցեր:
Եվրամիության նախագահը հույս է հայտնել, որ 2013թ. հոկտեմբերին Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունները կանցկացվեն ամենաբարձր մակարդակով:
Ալիևը Բելգիա է ժամանել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հրավերով: Այցի շրջանակում Ալիևը հանդիպելու է նաև վերջինիս հետ:
Օրեր առաջ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նամակ էր հղել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին և կոչ արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել նաև այդ երկրում մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման հարցը:
Tags: ադրբեջան