Հենրիխ Մխիթարյանը կմիանա «Շախտյորի» իր խաղընկերներին

250px-H.MkhitaryanԴոնեցկի «Շախտյոր»  գործադիր տնօրեն Սերգեյ Պալկինը հայտնել է, որ  Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը չի տեղափոխվելու անգլիական «Լիվերպուլ»: Նա նաև նշել է, որ կիսապաշտպանը  «Շախտյորի» իր խաղընկերներին կմիանա հունիսի 23-ին: Նրանք ուսումնամարզական հավաք են անցկացնում Ավստրիայում:

Հիշեցնենք, որ  իրարանցում էր առաջացել և տարբեր կողմեր ցանկանում էին հնարավորինս մեծ շահույթ ստանալ Մխիթարյանի «Լիվերպուլ» տեղափոխվելու գործարքից: Ի վերջո, այն չկայացավ:

Թե ինչու, պարզաբանել է Դոնեցկի «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր Օլեգ Մկրտչյանը: Նա հերքել է մամուլում տարածված այն լուրերը, թե Մխիթարյանի տրանսֆերային իրավունքների մի մասը պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի փաստացի տեր Ռուբեն Հայրապետյանին:

«Զարմացած եմ, քանի որ նրա տրանսֆերի իրավունքների 50 տոկոսը՝ պատկանում է  Դոնեցկի «Շախտյորին», իսկ մյուս 50 տոկոսը` ինձ»,- ասել է Մկրտչյանը: Վերջինս նաև վստահեցրել է, որ այդ իրավունքներն ամրագրված են համապատասխան փաստաթղթերում, որոնք անրաժեշտության դեպքում կհրապարակվեն:

Հավելենք, որ 2010-ի ամռանը Դոնեցկի «Շախտյորը» Դոնեցկի «Մետալուրգից» գնել էր Մխիթարյանին, որպես փոխհատուցում նրա ակումբին վճարելով 7,8 միլիոն դոլար: