Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային խորհրդի ներկայացուցիչները հաջորդ ամիս Ամերիկայի Միացյալ Նահանգներ կմեկնեն: Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հաքքին” կայքը, այս մասին հայտարարել է Ազգային խորհրդի ներկայացուցիչ Էլդար Նամազովը: Հայտնի է, որ այցի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ազգային խորհրդի նախագահ, ադրբեջանցի հայտնի կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովի՝ օրեր առաջ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ:
Ըստ կայքի` “Ազգային ճակատ” կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիից բացի (վերջինս անձնագրի հետ կապված խնդիր ունի) ԱՄՆ կմեկնեն “Մուսավաթ” կուսակցության առաջնորդ Իսա Գամբարը, Ադրբեջանի լիբերալ կուսակցության նախագահ Լալա Շավկեթը, Բաց հասարակության կուսակցության առաջնորդ Սուլհեդդին Ակփերը և “Դասական ազգային ճակատ” կուսակցության առաջնորդ Միրմահմուդ Միրալիօղլուն: Նշվում է, որ Վաշինգտոնում նրանց կմիանան նաև խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիևը և Ազգային խորհրդի նախագահ Ռուստամ Իբրահիմբեկովը:
Ազգային խորհրդի նախագահ Ռուստամ Իբրահիմբեկովը հունիսի 10-ին մեկնել էր ԱՄՆ, որտեղ հանդիպել էր Կոնգրեսի ներկայացուցիչների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող մի շարք կառույցների ներկայացուցիչների հետ:
Ընդդիմադիր Ազգային խորհուրդը ստեղծվել է վերջերս`2013թ.-ի մայիսի 28-ին:
Tags: ադրբեջան
