Անկարայում մի խումբ ցուցարարներ երեկ երեկոյան կրկին փողոց դուրս գալով բարիկադներ են սարքել և փակել են երթևեկությունը, այսպիսով շարունակելով արտահայտել իրենց աջակցությունը «Գեզի» այգու համար պայքարին:
«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ ոստիկանությունը, փորձելով ցրել ցուցարարներին, հանդիպել է նրանց քարերով դիմադրությանը: Այնուհետև ցուցարարները հարձակվել են տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանել փորձող լրագրողների վրա: Մասնավորապես տուժել են «Անադոլու» գործակալության ֆոտոթղթակիցը, «Դողան» գործակալության օպերատորը և «Իհլաս» լրատվականի թղթակիցը: Նրանք թեթև վնասվածքներ են ստացել, իսկ օպերատորից նույնիսկ նրա հեռախոսն են խլել: Լրագրողներին բժշկական օգնություն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց:
