Ադրբեջանում խոչընդոտում են “Ազատություն” ռադիոկայանի հեռարձակմանը

1 (3)Ադրբեջանում “Ազատ Եվրոպա-Ազատություն” ռադիոկայանի ձայնը խլացնելու փորձեր են կատարվում:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, “Ազատ Եվրոպա-Ազատություն” ռադիոկայան միջազգային կորպորացիան տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, որ վերջին շրջանում Ադրբեջանի տարածքում “Ազատություն” ռադիոկայանի՝ արբանյակների միջոցով հեռարձակվող հաղորդումների ժամանակ արհեստական խոտաններ են ստեղծվում: Այս ամենը հակասում է միջազգային հեռահաղորդակցության օրենքներին:

“Վերջին շրջանում “Ազատություն” ռադիոկայանի ադրբեջանական ծառայության,  մասնավորապես “Տարբերվող նորություններ” հեռուստածրագրի հեռարձակման ժամանակ ձայնի և պատկերի հետ կապված խնդիրներ են առաջանում: Այս հեռուստահաղորդումը թուրքական հայտնի TurkSat արբանյակի միջոցով հեռարձակում է Medya TV հեռուստաալիքը: Խոտանները սկսվում էին հաղորդման մեկնարկից 4-5 րոպե անց և ավարտվելուն պես անհետանում էին: Այս խնդիրները նկատվել են մայիսի 28-ից՝ երեք շաբաթ շարունակ: Դրանից խուսափելու համար նույնիսկ փոխվել է հեռարձակման հաճախականությունը և հեռարձակողը: Սակայն ամեն անգամ ԱՄՆ-ի միջազգային հեռարձակման բյուրոյի աշխատակիցներն արձանագրում էին հեռարձակման խափանմանն ուղղված էլեկտրոնային միջամտության փորձեր: Վերջին անգամ այսպիսի միջամտություն նկատվել է  հունիսի 16-ի հեռարձակման ժամանակ”,-ասվում է հայտարարությունում:

“Վերջին տարիներին դադարեցվել է մեր հեռարձակումը տեղական ալիքների հաճախականություններով, մեր լրագրողների վրա ճնշում գործադրելու բազմաթիվ դեպքեր են գրանցվել: Մենք լուրջ կասկածներ ունենք, որ այս միջամտությունը նույն այդ քաղաքականության շարունակությունն է: Դեպքերի նման զարգացումը լուրջ մտահոգություն է առաջացնում: Մենք Ադրբեջանի հեռահաղորդակցության ոլորտի ներկայացուցիչներին կոչ ենք անում հետաքննել այդ դեպքերը”,- նշել է “Ազատ Եվրոպա-Ազատություն” ռադիոկայան կորպորացիայի ղեկավար Քևիզ Քլոզը:

Վերջինս ընդգծել է, որ կորպորացիայի ղեկավարությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել “Ազատություն ռադիոկայանի” ծրագրերի հեռարձակման գործընթացը:

Tags: ,