DADP-ի նախագահը հերքել է Մեհրիբան Ալիևայի թեկնածությունը առաջադրելու մասին տեղեկությունը

4Ադրբեջանական “Ժողովրդավարական Ադրբեջանի աշխարհ” կուսակցության (DADP) նախագահ Փաթմա Ալիևան հայտարարել է, որ օրեր առաջ տարածված այն տեղեկությունը, թե DADP-ը գալիք նախագահական ընտրություններում առաջադրելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի թեկնածությունը, չի համապատասխանում իրականությանը, և այն որակել է որպես սադրանք:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, ինչպես նաև ռուսական պետական հեռուստատեսություններից մեկը տեղեկություն էին տարածել, որ իշխանամետ DADP կուսակցությունը  գալիք ընտրություններում առաջադրելու է Ադրբեջանի առաջին տիկնոջ թեկնածությունը: Լրատվամիջոցները գրել էին, որ որոշումը միաձայն ընդունվել է կուսակցության նիստի ժամանակ:

“Ժողովրդավարական Ադրբեջանի աշխարհ” կուսակցության նախագահ Փաթմա Ալիևան հայտարարել է, որ Ալիևայի թեկնածությունն առաջադրելու որոշումը կայացրել են “մի խումբ ինքնակոչ անձինք՝ ոմն Սևդա Խուրշուդովայի գլխավորությամբ, որոնք կուսակցության հետ որևէ առնչություն չունեն”: Վերջինս նշել է, որ այդ անձիք Վրաստանի քաղաքացիներ են:

“Սևդա Խուրշուդովան, ով հայտարարել էր Մեհրիբան Ալիևայի թեկնածությունն առաջադրելու մասին, այժմ մեր կուսակցության հետ որևէ առնչություն չունի: Նա Վրաստանի քաղաքացի է, և նույնիսկ Ադրբեջանի քաղաքացիություն չունի: DADP-ի նախագահի պաշտոնում իմ ընտրվելուց առաջ Սևդա Խուրշուդովան, կարելի է ասել, որ միանձնյա ղեկավարում էր կուսակցության  բոլոր գործերը՝ հանդիսանալով կուսակցության աշխատակազմի ղեկավարը: Սակայն նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո, ես նրա հետ գործնական հանդիպում եմ ունեցել ու պաշտոնապես տեղեկացրել եմ, որ նա պետք է վերջ տա միանձնյա ղեկավարմանը: Հենց այդ ժամանակ էլ նրան հիշեցրել եմ, որ քանի որ նա Ադրբեջանի քաղաքացի չէ, ուստի, օրենսդրության համաձայն, քաղաքական կառույցի անդամ, առավել ևս դրա ղեկավար մարմնի ներկայացուցիչ լինելու իրավունք չունի: Սակայն նա շարունակում է չարաշահել մեր կուսակցության անունը”,-հայտարարել է DADP-ի նախագահը:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայանալու են 2013թ. հոկտեմբերին:

Tags: