Բաց նամակ ԼՂՀ նախագահ` տիար Բակո Սահակի Սահակյանին

Բակո Սահակի Սահակյան“archive2.ankakh.com”-ը  այսօր նամակ  է ստացել ԼՂՀ մի քաղաքացուց և այն առանց կրճատումների ներկայացնում ենք մեր ընթերցողներին.
Մեծարգո պարոն նախագահ, Արցախում տիրող բավականին մտահոգիչ ու հուսահատեցնող մի շարք խնդիրների բացթողի վիճակը, որոնք օրեցօր ավելի խոր արմատներ են ձգում, պարտավորեցնում են Ձեզ հայտնի դարձնել տիրող խնդիրների կործանարար հետևանքների մասին:
«Ազատ կյանք հայրենի հողում». այս գաղափարով ոտքի ելավ հայությունը հայրենիքը թշնամուց ազատագրելու և հայրենի հողում ազատորեն տուն կառուցելով բնակվելու համար: Սակայն, հաղթանակից արդեն 21 տարի է անցել, բայց Շուշեցու համար անլուծելի խնդիր է մնացել իր իսկ ազատագրած հողում տուն կառուցելը:
Անհրաժեշտ եմ համարում հիշեցնել Ձեզ այն մասին, որ մինչ խնդրով անհանգստացած մարդիկ հողատարածք են որոնում, Շուշիում բազմաթիվ ամայի հողատարածքներ կան, որոնք պատկանում են որոշ պաշտոնյա այրերի և անհատ օլիգարխների: Որոնց անուն ազգանուներն ու նրանց սեփականություն հանդիսացող հողատարածքի մակերեսի չափերը օրենքով սահմանված կարգով սույն թվականի մայիսի 20-ի N1/104 դիմումով խնդրել եմ հրապարակել, սակայն Շուշիի քաղաքապետարանի կողմից գրավոր կերպով ստացել եմ մերժողական ու խիստ անհիմն պատասխան, որը հակասում է ՏԱ մասին ԼՂՀ օրենքին: Եթե հրապարակվի հողատարածքների մասին պետական վիճակագրական տվյալները, հայը կսթափվի ու կհասկանա, թե ում համար է պատերազմել և ազատագրել Արցախի հողը : Մի՞թե ժողովրդավարական երկրում հենց այսպես էլ պետք է լիներ, և կամ միթե Եվրոպական կառույցները անտարբեր կմնան նման բռնատիրական երևույթների նկատմամբ: Չեմ կարծում թե Արցախը ունի Եվրոպական ուշադրության նման դրսևորման կարիք:
Ստեղծված` ծայրահեղ աստիճանի հիասթափեցնող ու ժողովրդի մոտ պետության և տիրող կարգերի հանդեպ խիստ բացասական կարծիք ձևավորող իրավիճակը լիովին թույլ է տալիս մտածել, որ Արցախցին չգրված օրենքով իրավունք չունի հող ունենալ իր ազատագրած հողում: «Շուշիի ազատագրման առաջին օրերից ի վեր, շուրջ երկու տասնամյակ է ինչ ապրում եմ Շուշիում: Համբերութեամբ եմ տարել հետպատերազմյան բոլոր փորձությունները, հուսալով, որ ինձ էլ մի օր հնարավորություն կընձեռնվի հայրենի հողում տուն կառուցել և ընտանիք կազմել:Սակայն բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ դա մեծամասամբ պաշտոնյաների և օլիգարխների մենաշնորհն է: Որի պարզ արտահայտումներից մեկն է Շուշիի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հողատարածքների հատկացումների դադարեցման և որպես դրա շարունակություն` Շուշիում մնացյալ ազատ ու դժվարամատչելի հողակտորների և ավերակ շինությունների աճուրդային վաճառքի մասին կայացրած որոշումները` առաջնորդվելով «ունես փող կունենաս հող» սկզբունքով : Անշուշտ սա նշանակում է, որ հող ունենալ, տուն կառուցել և ապրել Արցախում իրավունք ունեն միայն նրանք, ովքեր ունեն մեծ գումարներ հողերի աճուրդային վաճառքում շահելու համար:
 “Ասացեք խնդրեմ, ինչի՞ն անվանեմ Հայրենիք. պաշտոնյաների և օլիգարխների հողատարածքների՞ն, երբ Արցախի իշխանությունների կամայականությունների պատճառով սեփական աշխատանքով տուն կառուցելու ու ընտանիք կազմելու համար հայրենի լայնարձակ հողերից մաս անգամ չունեմ: Ինձ մնում է Սփյուռքի ուշադրությունը հրավիրել և աջակցություն խնդրել այս և նմանատիպ խնդիրներին լուծում տալու համար, ինչու չէ նաև դիմել եվրոպական կառույցներին: Այլապես մտադիր չեմ արդարության իզուր սպասումով ենթարկվել իշխանությունների «”թքած ունեմ՛՛ գործելակերպին և ինքս էլ ստիպված կլինեմ միանալ արտագաղթողների բազմամարդ խմբերին”. ասում է Շուշիի բնակիչ Սիփան Պետրոսյանը, ով, չունենալով ոչ մի սեփականություն, սույն թվականի մայիսի 14-ի N-1/95 դիմումով Շուշի քաղաքում ավերակ շինության ու նրան կից հողակտորի`իրեն հատկացնելու խնդրանքով դիմելով Շուշիի քաղաքապետարան, ստացել էր մերժողական պատասխան` պատճառաբանված այն հանգամանքով, որ 2012 թվականին քաղաքացու երկու եղբայրներին հողակտորներ են տրամադրվել կադաստրային գնով:Սակայն հատկացված հողատարածքները փաստացի սեփականաշնորհման իրավունքով պատկանում են նրա եղբայրներին և դիմումատուն ոչ մի իրավասություն չունի նշված հողատարածքներւմ բնակարանաշինություն իրականացնելու համար: Փաստորեն, Շուշիի քաղաքապետարանի կողմից ի պատասխան Սիփան Պետրոսյանի վերոնշյալ դիմումին տրված մերժողական պատասխանը խիստ անհիմն է և ոչ օրինաչափ:
Այսօրինակ իրադրությունների ընթացքի դեպքում` որպես բնականոն հետևանք Եվրոպական կառույցներում Արցախից դուրս եկած գործերի մի ստվար հատված կվերաբերի նմանատիպ գործերին, որտեղ ակնհայտ կնշվի ԼՂՀ հիմնական օրենքով նախատեսված` մարդու իրավունքների բոլոր խախտումները: Ավելին, Եվրոպական կառույցներում նմանօրինակ գործերն ուղղակի ավարտվելու են ի նպաստ դիմումատուների: Արդյունքում, պետական բարձրագույն իշխանությունները կանգ են առնելու սույն խնդրի գլոբալ լուծման պարտավորության առաջ:
Որոշ կառավարիչներ, չունենալով պետական լիազոր մարմինների կողմից տարվող հսկողությունը, իրենց թույլ են տվել չարաշահելով պաշտոնական դիրքը Շուշիի հողատարածքների հատկացումների, ինչպես նաև աճուրդային առք ու վաճառքների համար կնքել մի շարք անհիմն պայմանագրեր տարբեր անձանց հետ: Որպեսզի վերջնականապես հողատարածքների հատկացումների այս խնդիրները արտագաղթի պատճառ չլինեն, իսկ ԼՂՀ հասարակ քաղաքացին, պաշտոնյան և գործարարը համահավասար իրենց զգան պաշտպանված, անհրաժեշտ ենք համարում խնդրել Ձեզ, որպեսզի այս ու նման խնդիրները ժամանակին արդունավետ լուծում ստանան:

Ամենապատիվ նախագահ, այս ու նման ազգակործան խնդիրներին լուծում տալու համար Ձեր արդար որոշումն ենք ակնկալում` հանուն մեր Նահատակների ու հերոս ազատամարտիկների և հաղթանակած ազգի իրավունքների պաշտպանության, ով իրավունք ունի հաղթանակած երկրում ապրել հաղթանակած մարդու պես:
Կանխահայտ շնորհակալությամբ`
ԼՂՀ քաղաքացի` Ռուզաննա Ծատրյան
24.06.2013թ.

Tags: