Կրկեսի մոգական աշխարհը՝ առաջին անգամ Արցախում

կրկեսԵրևանյան կրկեսի թատերախումբը համերգային շրջագայության կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Հայրենի կրկեսային արտիստները վառ ներկայացում են նախապատրաստել Արցախի մեր հայրենակիցների համար, որոնց ջերմ հյուրընկալությունը կվայելեն հունիսի 30-ից հուլիսի 6-ը:

Մայրաքաղաք Ստեփանակերտում և Արցախի տարբեր շրջաններում, ԼՂՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, նախատեսված է Երևանյան կրկեսի 6 ելույթ՝ կրկեսային բազմաժանր ծրագրով:

«Կրկեսային կոլեկտիվի ներկայացնելիք ծրագիրը մեր հանդիսատեսներին ուրախություն կպարգևի իր էներգետիկայով և կհրավիրի հրապուրիչ ճամփորդության դեպի իլյուզիաների, էքստրեմալ մարմնամարզության, վիրտուոզ ձեռնածության և կլոունադայի հեքիաթային աշխարհ: Մենք առաջին անգամն ենք շրջագայության մեկնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Մանրակրկիտ նախապատրաստվել ենք: Ծրագրում ընդգրկել ենք նաև Նաիրա Պետրոսյանի ղեկավարած Լեոնիդ Ենգիբարովի անվան կրկեսային ստուդիայի դեբյուտանտներին: Ի դեպ, համերգային շրջագայության ընթացքում ունենալիք ելույթների ծրագիրը ևս կազմել է Նաիրա Պետրոսյանը»,-նշում է Երևանյան կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:

Այս շրջագայության ընթացքում կրկեսային կոլեկտիվը ելույթներ կունենա նաև ԼՂՀ զորամասերում: Այդ ծրագիրն իրականացվելու է Հայաստանի ՊՆ նախաձեռնությամբ:

Ամռան ընթացքում, արցախյան շրջագայությունից հետո, մեր կրկեսային արտիստները կշարունակեն Հայաստանի մարզերում արտագնա ներկայացումներով հանդես գալու ծրագիրը: Հիշեցնենք, որ մինչ այժմ Երևանյան կրկեսը ներկայացումներով հանդես է եկել Լոռու և Տավուշի մարզերում տեղակայված զորամասերում:

Տեղեկանքի կարգով. Մոտ օրերս դրվելու է Երևանյան կրկեսի նոր շենքի հիմքը: Կրկեսի նոր շենքն, ինչպես հայտնի է, կառուցվելու է նախկինի տեղում: Նախատեսվում է, որ կրկեսի նոր շենքը շահագործման պետք է հանձնվի 2014 թվականի վերջին: Նոր շենքի վերջնական նախագիծը, որը պատրաստել է ճարտարապետ Վահագն Վերմիշյանը, հաստատվել է օրերս: Կրկեսի նոր շենքը կրկնելու է հնի արտաքին տեսքի ճարտարապետական որոշ տարրեր: Իսկ շենքը լիովին համապատասխանելու է նման կառույցների համար սահմանված միջազգային բոլոր չափանիշներին, նախկինում եղած 1560-ի փոխարեն ունենալու է 2000 հանդիսատեսի համար նախատեսված նստատեղ, բացի այդ 3 փոխարկվող մանեժ է ունենալու։ Բուն շենքը մոտ 6 մետր ավելի բարձր է լինելու և հագեցած է լինելու ժամանակակից բեմական տեխնիկայով։ Հիշեցնենք, որ Երևանի կրկեսի շենքը որոշվեց քանդել այն բանից հետո, երբ փորձագետները հանգեցին եզրակացության, որ աննպատակահարմար է վերակառուցել եղած հին շինությունը։

Հայաստանի կրկեսային գործիչների միության մամուլի ծառայություն