«Գեզի» այգու ցույցերի ամենահայտնի լուսանկարի «սև զգեստով աղջիկը» ավստրալացի Քեյթն է

gezi«BBC Türkçe»-ն զրուցել Թաքսիմի «Գեզի» այգու համար պայքարի առաջին օրերից հայտնի դարձած լուսանկարի «սև զգեստով աղջկա» հետ, ով դարձավ մի յուրատեսակ խորհրդանիշ հազարավոր ցուցարարների համար: Քեյթ Մուլենը, որը ձեռքերը պարզած կանգել էր ջրցան մեքենայի առաջ և իր վրա ընդունել ջրաշիթի հարվածը, պատմել է իր և ցույցերին մասնակցելու սովորության մասին:

Քեյթը ավստրալացի է, սովորում է Սիդնեյի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում, Թուրքիա է եկել ուսանողական փոխանակման ծրագրի շրջանակներում: Քեյթը պատմել է, որ Ավստրալիայում ևս մի քանի ցույցերի է մասնակցել: Օրինակ՝ նրանք բողոքի ակցիա են կազմակերպել երկրում փախստականների նկատմամբ վատ վերաբերմունքի դեմ, քանի որ Ավստրալիա եկած փախստականներին իսկույն ձերբակալում են: Մեկ այլ ցույցի ժամանակ էլ բողոքում էին Իրաքի պատերազմի դեմ:
Հետաքրքիր է, որ Քեյթը, տեսնելով ջրցան մեքենաներին և մոտակայքում կանգնած լուսանկարիչներին, հատուկ է կանգնել մեքենայի դիմաց և իր վրա ընդունել ջրաշթի հարվածը, որպեսզի ֆոտոխցիկները ֆիքսեն այդ պահը: Այն մասին, թե իր լուսանկարը դարձել է «Գեզիի» ցուցարարների խորհրդանիշը, Քեյթը նշել է. «Այդ լուսանկարը արդեն իմը չէ, ինձ հետ կապ չունի: Եթե ավելի գլոբալ մտածենք, իմ ցույցը ոչինչ է այն հազարարվոր խիզախ ցուցարարների արածների համեմատությամբ: Սև զգեստով աղջիկը արդեն ես չեմ: Այդ աղջիկը հակակապիտալիստ մուսուլմանն է, կաթսաների և թավաների ձայն հանող գլխաշորով տարեց կինն է և իր համուզմունքների համար ոտքի կանգնած ու փողոց դուրս եկած յուրաքանչյուրը:»

Tags: ,