«Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» թեմայով քննարկում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

 ՄԱԿՄԱԿ-ում Հայաստանի դեսպանն ի թիվս կազմակերպության վեց տասնյակից ավելի անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցեց ու ելույթով հանդես  եկավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) հունիսի 24-ի նիստին, որը նվիրված էր հակամարտություններում սեռական ոտնձգությունների թեմային:

Քննարկումը, որը նախագահում էր Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ուիլիամ Հեյգը, մասնակցեցին նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, նրա հատուկ ներկայացուցիչը Զեյմաբ Բանգուրան, ինչպես նաեւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հատուկ բանագնաց` Անժելինա Ջոլին:

Մինչ խնդրո առարկայի շուրջ քննարկումները, ԱԽ-ն ընդունեց բանաձեւ, որը  նշում է, որ զինված հակամարտության ընթացքում սեռական ոտնձգությունը կարող է համարվել մարդկության հանդեպ հանցագործություն կամ ցեղասպանության հետ կապված գործողություն ու կոչ անում պետություններին իրենց ազգային քրեական օրենսդրության մեջ ներառել սեռական ոտնձգության հանցագործությունն ամբողջական ձեւով` այդօրինակ գործողությունը դատապարտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար՝ արդարադատության մեջ ներառելով այդ հանցագործության վերապրողներին:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթում մասնավորապես նշեց, որ հնարավոր չէ լուծել հակամարտություններում սեռական ոտնձգության խնդիրը պարզապես մատնանշելով կամ դատապարտելով հանցագործներին, եւ որ անհրաժեշտ է իրականացնել հիմնարար փոփոխություններ ինստիտուցիոնալ եւ հասարակական մակարդակներում: Այդ հանցագործության դեմ պայքարն, ըստ դեսպանի, անհնար է առանց քաղաքական, սոցիալական ու տնտեսական բնագավառներում կանանց ամբողջական մասնակցության: Դեսպան Նազարյանը նաեւ հավելեց, որ կանայք պետք է մասնակից լինեն ցեղասպանության, անպատժելիության եւ անվտանգության հարցերի քննարկումներին, եթե մենք ցանկություն ունենք կառուցելու հարատեւ խաղաղություն: ՀՀ դեսպանն ընդգծեց, որ, թեեւ հակամարտությունների ազդեցությունը մեծ է հատկապես կանանց եւ աղջիկների վրա նրանք կարեւոր դերակատարում ունեն խաղաղաշինության գործընթացներում:

Tags: