Վաղվանից գյումրեցիները հնարավորություն կունենան քաղաքում տեղաշարժվել նոր և հարմարավետ ավտոբուսներով: 2013 թվականի արտադրության 10 նոր չինական ավտոբուսներ են ներկրվել Գյումրի, որոնք ունեն 23 նստատեղ և կարող են տեղափոխել 50-55 ուղևոր: Այսօր ավտոբուսները փորձնական շրջեցին քաղաքում և առաջին ուղևորները եղան լրագրողներն ու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Նոր ավտոբուսներից 7-ը սպասարկելու է թիվ 1 համարի երթուղին, Շիրակացի փողոցի ասֆալտապատումից հետո նոր ավտոբուսներով երթուղի դուրս կգա նաև թիվ 40 համարը: Ամբողջ քաղաքի բոլոր երթուղիները սպասարկելու համար անհրաժեշտ է մոտ 80 ավտոբուս և քաղաքապետը խոստանում է, որ մի քանի տարի հետո դա էլ կլինի:
Հավելենք, որ այսօր Գյումրիում ուղևորափոխարումներկատրող մկրոավտոբուսներ աշխատում են գերանրաբեռնված և հատկապես օրվա պիկ ժամերին տրանսպորտ բարձրանալ հնարավոր չէ: Շատ հաճախ մարդիկ վախեցնում են բացել երթուղայինի դուռը, որպեսզի մի կերպ ներս “սողոսկած” ուղևորները չընկնեն:
Նոր ավտոբուսները վաղվանից մինչև հունիսի 30-ը ներառյալ բնակիչներին սպասարկելու են անվճար, իսկ հուլիսի 1-ից ավտոբուսներից օգտվելու համար մեկ ուղևորի վարձավճարը կլինի 100 դրամ:
“Հիմա փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի բոլոր տեղերում տրանսպորտ լինի: Աշխատում ենք նորոգել անանցանելի ճանապարհները, գոնե խճապատել: Կամաց-կամաց, ոնց որ թե ստացվում է. ավելացվել են նաև դիսպետչերական կետեր, թարթիչներ կտեղադրվեն: Հիմա կանգառներ ենք տեղադրում քաղաքի բոլոր տեղերում”, – ասում է քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Ապա, որպես ուրախալի լուր նշում. “Ի դեպ, ավտոբուսներում չկան նվագարկիչներ, գործելու է նաև թեժ գիծ. եթե մի վարորդ ծխեց, անմիջապես աշխատանքից ազատվելու է”:
Քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Եղոյանը վստահեցրեց. ավտոբուսներն աշխատելու են առավոտյան 7:30-ից մինչև երեկոյան 21:30-ը:
