Բաքվի Ազադլըխ հրապարակում մեկնարկել է Զինված ուժերի օրվան նվիրված զորահանդեսը

parad Բաքվի Ազատության հրապարակում այսօր մեկնարկել է Զինված ուժերի 95-ամյակին նվիրված տոնական զորահանդեսը, որին ներկա են Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը, բանակի բարձրաստիճան ներկայացուցիչներ, կառավարության անդամներ, պատգամավորներ և օտարերկրացի դիվանագետներ, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Զորահանդեսին մասնակցում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության զինվորական ստորաբաժանումների հրամանատարների, խաղաղապահ ուժերի, հատուկ նշանակության զորքերի, ծովային հետևակազորի, պետական սահմանապահ ծառայության, ՆԳՆ ներքին զորքերի, Պետական պահպանության հատուկ ծառայության, արտակարգ իրավիճակների նախարարության Քաղաքացիական պաշտպանության զորքերի անձնակազմները, ինչպես նաև ռազմական ուսումնական հաստատությունների սաները:

Ռազմաշքերթի ժամանակ ցուցադրվել են “Միգ 29”, “Սու 25”, “Լ39” ուսումնական և ռազմական ինքնաթիռներ, “Մի 24”, “Մի8/17”, ինչպես նաև “Մի35Մ”, “ԿԱ 32” և “Մի 8” ուղղաթիռներ:

Զորահանդեսի շրջանակում ներկայացվելու են նաև Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության արտադրության “Գյուրզա” պարեկային մեքենաներ, “Մատադոր” և “Մարոդեր” տեսակի հակաականային պաշտպանության զրահամեքենաներ, ինչպես նաև “Կոբրա”, “Սթորմ” զրահամեքենաներ, “Օրբիտեր-2Մ” և “Աերոսթար” տեսակի անօդաչու թռչող սարքեր, “Սաքարյա” TR-122 տեսակի ռեակտիվ կրակի կայանքներ, համազարկային կրակի “Սմերչ 9К58” ռեակտիվ համակարգեր, “Գվոզդիկա”, “Պիոն”, “Մստա-Ս” ինքնագնաց հաուբիցներ, ինչպես նաև կրականետ համակարգեր, “Տ-90” տեսակի տանկեր, “ԲՄՊ 2” և “ԲՄՊ-3” հետևակի մարտական մեքենաներ,  “Ս-300 ՊՄՈւ-2 Ֆավորիտ”, “Ստրելա 10”, “Ս 200”, “Ս300”, “Բուկ ՄԲ” զենիթահրթիռային համալիրներ:

Tags: