Ավարտական և միասնական քննությունների նախնական արդյունքները հայտնի են: ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանն այսօր ամփոփեց հանրապետության 36 քննական կենտրոններում 7 օրվա ընթացքում 10 ուսումնական առարկաներից կազմակերպված և անցկացված քննությունների արդյունքները` դրանցից ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնելով: Այս տարի Քննություններին մասնակցած 14.400 շրջանավարտների 19 տոկոսը անբավարար է ստացել: Անցողիկ նվազագույն շեմը բոլոր գրավոր միասնական քննությունների համար 7.5 միավորն է եղել, միջին անցողիկը` 10-15-ը: Ամենաշատ դիմորդներ գրանցվել են Հայոց լեզու և գրականություն, Մաթեմատիկա և Անգլերեն առարկաներից: Հայոց լեզու և հայ գրականություն առարկայի միջին միավորը նախորդ տարվա համեմատ նվազել է` 13.9-ից հասնելով 13,25-ի:
Առողջական խնդիրների պատճառով քննություններն ընդհատվել են 22 դիմորդի համար: Հինգ դիմորդ էլ հեռացվել է քննասենյակից` ծածկագրերից օգտվելու և քննությունների ընթացքը խանգարելու պատճառով:
Գագիկ Մելիքյանի տեղեկացմամբ`այս ուսումնական տարվա նորամուծության` գրեթե բոլոր առարկաներից շտեմարանների առակայության հարցը մյուս տարի կկատարելագործվի: Շտեմարանները մաքրված ու իդեալական կլինեն: Նաև առաջադրանքներ կավելանան, որպեսզի դիմորդները չկարողանան պատասխաններն անգիր սովորել:
