«Ֆիզիկայի» քննության արդյունքները բողոքարկել է դիմորդների 1,7 տոկոսը

քննություն«Ֆիզիկայի» միասնական քննության արդյունքները բողոքարկել է 41 դիմորդ` քննություն հանձնածների 1,7 տոկոսը: Նշենք, որ «ֆիզիկայից» քննություն էր հանձնել 2377 դիմորդ:

Այս տարի «ֆիզիկայի» միջին գնահատականը 11,64 է 2012-ի 12,1-ի փոխարեն: Այս տարի աճել է նաև կտրվողների թիվը` 19 տոկոսից հասնելով 22 տոկոսի և նվազել 20 ստացողների թիվը`  35 դիմորդ նախորդ տարվա 52-ի փոխարեն:

Ֆիզիկայի մասնագետ, կրկնուսույց Մանվել Հովսեփյանն ասում է, որ չնայած ընդհանուր գնահատականներին` թեստերը բարդ չեն եղել, իր դիմորդներն էլ ստացել են բարձր գնահատականներ: Նրա խոսքով` իր դիմորդները  վերջին տարիներին նման բարձր ցուցանիշ դեռ չէին արձանագրել:

Հովսեփյանի կարծիքով` միջին գիտելիք ունեցող դիմորդը կկարողանար դրական միավորի շեմը հաղթահարել: Իսկ անբավարարների թվի աճը և միջին գնահատականի նվազումը նա պայմանավորում է դիմորդների պատրաստվածության մակարդակով` պարզապես լավ պարապած չեն եղել:

Նշենք, որ ֆիզիկայից քննություն հանձնում են հիմնականում ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետների դիմորդները և  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դիմորդները: Այս առարկայի քննական գնահատականների տատանումները պարբերական բնույթ են կրում`2011-ին, օրինակ, «ֆիզիկայի» միջինը 6,2 էր, իսկ 2010-ին`10,5: