Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին չորեքշաբթի ընդդիմությանն առաջարկեց մասնակցել երկրի սահմանադրության փոփոխությունների նախապատրաստությանը: Հեռուստաուղերձում, որը տևեց ավելի քան 2 և կես ժամ, Մուրսին հայտարարեց, որ հինգշաբթի սպասում է բոլոր կուսակցությունների առաջնորդներին, որ սահմանադրական խորհրդի նախագահ ընտրեն:
Նա պատմել է, որ “ազգային հաշտեցման” նպատակով պլանավորել է կոմիտե ստեղծել, որում հասարակական ազդեցիկ դեմքեր կլինեն, ինչպես նաև` մահմեդական ու քրիստոնյա հոգևորականներ: Նա խոստովանել է, որ իր նախագահության ժամանակ սխալներ է գործել, սակայն, ընդհանուր առմամբ, անկայունության մեջ մեղադրել է Հոսնի Մուբարաքի օրոք աշխատած կոռումպացված պաշտոնյաներին: Նա թշնամիների դասը կարգեց նաև իրեն ընդդիմադիր ԶԼՄ-ներին, որոնցից մեկին նույնիսկ մեղադրեց հարկերից խուսափելու մեջ:
Նախագահի ելույթից 2 ժամ առաջ Մանսուր քաղաքում իսլամիստների ու Մուրսիի կողմնակիցների միջև բախում եղավ. նրա հակառակորդ խմբից 2 մարդ զոհվեց, 200-ը վիրավորվեց, իսկ գիշերը անկարգություններ են գրանցվել նաև Ալեքսանդրիայում: Զինվորակաների ներկայացուցիչները, որոնք Եգիպտոսում առանձին ու հարգվող քաղաքական ուժ են համարվում, արդեն հայտարարել են, որ կրկին իշխանությունն իրենց ձեռքը կվերցնեն, եթե քաղաքական գործիչները համաձայնության չգան:
Եգիպտոսի Սահմանադրությունն ընդունվել էր 2012-ին անցկացված հանրաքվեի արդյունքում: Նոր օրենքի մշակմանը հիմնականում մասնակցել են “Մահմեդական եղբայրներ” կուսակցության ներկայացուցիչները: Դիտորդների կարծիքով, տեքստը լիբերալ արժեքների, իսլամական դոգմաների ու պետական սոցիալիզմի սկզբունքների հակասական կապակցություն է:
Tags: Եգիպտոս