ԵԽԽՎ-ում տեղի է ունեցել հայկական և ադրբեջանական պատվիրակությունների հանդիպումը

1 (5)Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի շրջանակում կայացել է Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումը` ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի մասնակցությամբ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, մոտ երկու ժամ տևած հանդիպմանը հայկական և ադրբեջանական պատվիրակությունները մասնակցել են ողջ կազմով: Քննարկումների օրակարգում է եղել ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև վստահության ամրապնդման հարցը:

“Դա հանդիպում էր ընկերների միջև, հայերի, ադրբեջանցիների, խորհրդարանականների միջև՝ Ասամբլեայի նախագահի մասնակցությամբ: Մենք որոշում ենք ընդունել այսուհետ ևս, որպես ընկերներ, հանդիպել այստեղ՝ ժողովրդավարության օջախում, և քննարկել, թե ինչպես կարող ենք համագործակցել: Ես նկատել եմ, որ երկու կողմերն էլ անկեղծ ցանկություն և քաղաքական կամք ունեն համատեղ աշխատելու և համագործակցելու: Մենք որոշել ենք շարունակել նման հադիպումները: Հանդիպումները տեղի կունենան նաև հաջորդ նստաշրջանների ժամանակ”,-հայտարարել է Մինյոնը:

APA-ն հավելում է, որ ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեության կասեցումից (գործունեությունը կասեցված է 2009թ-ից) հետո Ժան-Կլոդ Մինյոնը բազմիցս հանդես է եկել հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև ոչ պաշտոնական հանդիպումներ անցկացնելու օգտին:

ԵԽԽՎ-ի ամառային նստաշարջանը տեղի է ունենալու հունիսի 24-28-ը:

Tags: ,