Թբիլիսիում քաղաքապետարանի աշխատակիցներին շուրջկալել են

pic_cdafdf6a49b66eb25ccbf512169bcc2bԱյսօր առավոտյան Թբիլիսիում ձերբակալվել է քաղաքապետարանի ու  քաղխորհրդի 30 աշխատակից, հայտնել է  «Грузия Online»-ը: Քաղաքապետարանի տվյալներով, ձերբակալվածները Վրաստանի ֆինանսների նախարարության ու քննչական ծառայության ներկայացուցիչներ են:

Նրանցից մի քանիսը ձերբակալվել է իրենց տների մոտ, մյուսները` աշխատավայրում: Քաղխորհրդի նախագահի տեղակալ Մամուկա Ախվլեդիանին պատմել է, որ իր ճանապարհը փակել է ինչ-որ մեքենա: Ապա, քաղաքացիական հագուստով մարդիկ պաշտոնյային նստեցրել են մեքենա ու նրան հայտարարել, որ ձերբակալված է: Որոշ ժամանակ անց, սակայն նրան ազատ են արձակել:

Ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայությունն իր հերթին հայտարարել է, որ քաղաքային ադմինիստրացիայի աշխատակիցներն ընդամենը որպես վկա հարցաքննության են կանչվել բյուջետային միջոցների մսխման գործով: Հարցաքննությունից հետո,  ինչպես  վստահեցնում են ուժայինները, ձերբակալվածներն ազատ են արձակվել: Ձերբակալվածների մեջ  քաղխորհրդի “Միացյալ ազգային շարժում” ֆրակցայի անդամներ են (գործող նախագահ Սահակաշվիլու կողմնակիցներն են, որն ընդդիմադիր է “Վրացական երազանք”կոալիցիային):

Ավելի վաղ դատախազությունը Թբիլիսիի քաղաքապետարանի չարաշահումներում  մեղադրեց նախագահի կողմնակից Գիգի Ուգուլավային: 2013-ի սկզբին նրան մեղադրանք առաջադրվեց  փողերի լվացման ու գույքի յուրացման գործով: Ինքը` Ուգուլավան այդ մեղադրանքներն անհեթեթ է համարում:

2012-ին Վրաստանում փաստացի  իշխանափոխություն կատարվեց. ”Վրացական երազանք” կոալիցիան գլխավորող միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին նոր կառավարություն ձևավորեց: Դեռևս իշխանության գլուխ գտնվող Սահակաշվիլին արդեն զգալիորեն կորցրել է ազդեցությունը: Սահակաշվիլու հետ աշխատած մի շարք պաշտոնյաների նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նրանցից մի քանիսն արդեն ձերբակալվել են: Նախագահի համախոհները կատարվածը գնահատում են որպես քաղաքական հետապնդում:

Tags: