Առաջին անգամ համայնքային բյուջեից 20 միլիոն դրամ է հատկացվել թեքահարթակների կառուցման համար

001 (11)Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով իրականացվում են մայրաքաղաքի փողոցների հետիոտնային անցումների թեքահարթակների կառուցման աշխատանքներ: Այդ նպատակով համայնքային բյուջեից հատկացվել է 20 միլիոն դրամ, որի շրջանակում կկահավորվի շուրջ 100 թեքահարթակ: Բացի այդ, թեքահարթակներ կկառուցվեն մայրաքաղաքի 9 վարչական շրջանների վարչական շենքերի մուտքերի մոտ: Մինչ այդ նմանատիպ աշխատանքներ էին կատարվել ներառական կրթություն իրականացնող բոլոր 45 դպրոցներում: Ընդ որում, չափորոշիչներով  նախատեսված է ապահովել թեքահարթակի  8-ից 10 տոկոս թեքություն, որպեսզի հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող քաղաքացիներն առանց կողմնակի միջամտության կարողանան անցնել այն: Բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ և հասարակական տիպի շենքերի նախագծային աշխատանքների համար տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքներում ևս, որպես կանոն, պարտադիր պայման է թեքահարթակի կառուցման անհրաժեշտությունը: Շինարարական օբյեկտների շինաշխատանքների ավարտից հետո հանձնաժողովի կողմից կազմված հանձնման-ընդունման, հետագայում նաև փաստագրման ակտերը հաստատվում են միայն թեքահարթակների առկայության դեպքում: Երևանի քաղաքապետարանի այս ռազմավարության հիմքում հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար քաղաքային միջավայրի ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելն է`ապահովելով անխոչընդոտ տեղաշարժի հնարավորություն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն