Ամերիկյան Միչիգան նահանգի բնակիչը սեփական մորը մատնել է իրավապահներին: Նորություններից տղամարդը տեղեկացել է, որ իր մորը կասկածում են բանկ թալանելու մեջ, և անմիջապես զանգել է ոստիկանություն, հաղորդում է Fох News-ը:
Հունիսի 18 -ին 53-ամյա Դի Էն Մարտին Սանդերսը ներխուժել է բանկ և փոխանցել գանձապահին գրություն, որով պահանջում էր անմիջապես փոխանցել իրեն 2,5 հազար դոլար իր երեխաներին և թոռներին խնամելու համար: Աշխատակիցը տվել է նրան 1092 դոլար: Հայտնի չէ` կողոպտիչը զինված է եղել, թե ոչ և սպառնացե՞լ է արդյոք:
Անմիջապես ներխուժումից հետո տեղի ոստիկանությունը և ՀԴԲ ներկայացուցիչները կասկածյալի լուսանկարով հաղորդագրություն են տարածել, որը ստացել էին տեսախցիկների միջոցով: Այդ լուսանկարներից մեկն էլ տեսել է հանցագործի որդին:
Տղամարդը զանգահարել էր ոստիկանություն և հաղորդել, որ ճանաչում է կողոպուտ կատարողին: Նա նշել էր, որ դա իր մայրն է և այդ պահին գտնվում է իր տանը, որը հեռու չէ որդու տնից: Ոստիկանները գնացել են տվյալ հասցեով և գտել հանցագործին:
Միսիս Սանդերսին տարել են հարցաքննության, որտեղ կինը խոստովանել է իր հանցանքը: Շուտով նրան մեղադրանք է առաջադրվել: Թե ինչն է դրդել կնոջը կատարել կողոպուտ, չի հաղորդվում:
Tags: ԱՄՆ
