Տարոն Մարգարյանն հանդիպել է Լոս Անջելեսի հայ պարարվեստի կենտրոնի գեղարվեստական ղեկավարին

001 (13)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ պարարվեստի կենտրոնի գեղարվեստական ղեկավար Վարդան Աղաջանյանի հետ: 1997թ.-ին Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում հիմնադրված Հայ պարարվեստի կենտրոնը Լոս Անջելեսում գործող պարային բազմաթիվ դպրոցներից միակն է, որտեղ ուսուցանվում են բացառապես հայկական ժողովրդական պարեր:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ կարևորել է ազգային մշակույթի ու, մասնավորապես պարարվեստի հայկական դպրոցի ավանդույթների պահպանման ու զարգացման գործում Վարդան Աղաջանյանի ունեցած անձնական ներդրումը՝ հատկանշելով, որ նաև այդպիսով է հայկական գաղթօջախներում մեծապես ապահովվում հայապահպանումը:

«Ձեր շնորհակալ գործունեությունն իսկապես արժանի է գնահատանքի, ինչը, համոզված եմ շատերն են արձանագրում: Եվ որպես Երևանի քաղաքապետ՝ վստահեցնում եմ Ձեզ, որ հայանպաստ բոլոր նախաձեռնությունների շրջանակում մշտապես կարող եք վստահորեն հույս դնել ինչպես Երևանի քաղաքապետարանի, այնպես էլ անձամբ իմ աջակցության վրա»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և գնահատանքի համար՝ Վարդան Աղաջանյանը նախ, օգտվելով առիթից, շնորհավորել է Տարոն Մարգարյանին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և ապա վստահեցրել, որ նույն եռանդով ու նվիրումով շարունակելու է կատարել իր աշխատանքը:

«Անկեղծորեն շնորհակալ եմ Ձեր գնահատականների համար, պարոն քաղաքապետ, և վստահեցնում եմ, որ կանեմ հնարավորը հայ երեխաների շրջանում հայկական պարարվեստն առավել տարածելու համար: Օգտվելով առիթից՝ նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Երևանում մշակութային կյանքի աշխուժացմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի և նախաձեռնությունների համար»,- նշել է Վարդան Աղաջանյանը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն