Իտալացի շինարար-մագնատ Պետրո Սալինին պատրաստվում է 20 մլն եվրո նվիրաբերել հնագույն քաղաք Պոմպեյը վերականգնելու և պահպանելու համար, հաղորդում է Reuterts-ը: Քաղաքը մեծապես տուժել է կլիմայի ազդեցությունից, տեղական մաֆիայից ու կոռումպացված մենեջմենթից:
«Հանցագործություն կլինի թողնել, որ Պոմպեյը կործանվի»,- ասել է Սալինին մամուլի ասուլիսի ժամանակ:
Երբ մ.թ. 79 թվականին Վեզուվ հրաբուխը ժայթքեց, Պոմպեյը թաղվեց մոխրակույտի տակ ու այդպես մնաց դարեր շարունակ: Պեղումների արդյունքում բացահայտվել է քաղաքի մի մասը` այն դարձնելով Իտալիայում ամենաշատ այցելվող զբոսաշրջային վայրերից մեկը:
Սալինին ասել է, որ իր նպատակն է ներգրավել միջազգային դոնորների` օգնելու վերագործարկել աշխարհի ամենաարժեքավոր հնավայրերից մեկը:
Իտալիան Պոմպեյում արտակարգ դրություն է հայտարարել 2008-ից, այն բանից հետո, երբ հնագետները դժգոհություն հայտնեցին հուշարձանի վատ պահպանությունից, վատ կառավարումից և աղքատիկ ներդրումներից:
Փետրվարին ԵՄ-ն մեկնարկեց 105 մլն եվրո արժողությամբ ծրագիր, որով նախատեսվում է վերականգնել Պոմպեյը և հայտարարեց, որ կփորձի պաշտպանել միջոցները տեղական մաֆիայից:
ԵՄ ծրագիրը մեկնարկեց այն բանից հետո, երբ ոստիկանությունը ձերբակալեց մի ռեստավրատորի, ով մեղադրվում էր քանդվող հնագույն քաղաքի վերականգնման համար հատկացված միջոցները գրպանելու մեջ:
Սալինիից բացի իտալական մի շարք ընկերություններ ներդրումներ են իրականացրել` օգնելու վերականգնել և պահպանել երկրի մշակութային ժառանգությունը:
Օրինակ, շքեղ կոշիկներ արտադրող TOD-ը ֆինանսավորել է Հռոմի կոլիզեումի վերականգնումը:
Tags: Եվրոպա, մշակույթ
