ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը հունիսի 27-ին հավանության է արժանացրել իմիգրացիոն բարեփոխման մասին օրինագիծը, որը թույլատրում է ԱՄՆ-ի տարածքում անօրինական բնակվող օտարերկրացիներին օրինականացնել իրենց կարգավիճակը: Այդ օրինագծին կողմ է քվեարկել սենատորներից 68-ը, դեմ` 32-ը:
Բարեփոխման նախագիծը 2013-ի հունվարին ներկայացվել էր Հանրապետական ու Դեմոկրատական կուսակցություններից սենատորների կողմից ու ստացել էր Օբամայի հավանությունը: Մայիսի վերջին փաստաթուղթը հավանության արժանացավ նաև Սենատի իրավաբանական կոմիտեի կողմից:
Օրենքի նախագիծը թույլ կտա ԱՄՆ-ի տարածքում անօրինական բնակվող 11 մլն ներգաղթյալներին մի շարք պայմանների կատարման դեպքում օրինականացնել երկրում նրանց գտնվելը և հետագայում էլ ամերիկյան քաղաքացիություն ստանալ: Անօրինական ներգաղթյալները պետք է տուգանք վճարեն ու հարկային պարտքը մարեն: Միաժամանակ, օրինագիծը նախատեսում է 46 մլրդ դոլար հատկացնել պետական սահմաններում հսկողությունն ուժեղացնելու և ամերիկյան վիզա հատկացնելու համակարգը կատարելագործելու նպատակով:
ԱՄն նախագահ Օբաման սենատորներին շնորհակալություն է հայտնել օրինագիծն ընդունելու համար ու հավելել, որ հիմա փաստաթղթի ճակատագիրը կախված է կոնգրեսականներից:
Tags: ներգաղթյալ