Ամփոփվել են «Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշան» մրցույթի արդյունքները

001 (14)Երևանի քաղաքապետարանում ամփոփվել են Երևան քաղաքի բրենդավորման գործընթացի մաս կազմող «Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշանի» մշակման մրցույթի արդյունքները: 32 մասնակիցների, այդ թվում՝ կազմակերպությունների ու միավորումների կողմից ընդհանուր առմամբ ստացվել է ավելի քան 60 առաջարկ:

«Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշան» մրցույթին մասնակցելու և Երևան քաղաքի բրենդավորման գործընթացին աջակցելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բոլոր մասնակիցներին շնորհակալագրեր և հուշանվերներ են հանձնվել:

Քաղաքապետի անունից ողջունելով և շնորհակալություն հայտնելով ակտիվ մասնակցության համար` քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը կարևորել է նման բաց, հասարակական գործընթացում երիտասարդության ներգրավվածությունը և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական.

«Ստացված բոլոր առաջարկներն էլ եղել են յուրովի հետաքրքիր ու կարևոր մայրաքաղաքի համար` իրենց նոր մոտեցումներով:  Բոլորդ փորձել էիք արտահայտել Երևանի նկատմամբ սերը: Համոզված եմ, որ նաև ձեր շնորհիվ կընտրվի այնպիսի բրենդային ձևաչափ, որը կիրառելի կլինի ամենատարբեր ասպարեզներում և իսկապես համահունչ կլինի Երևան քաղաքին և հարազատ` երևանցուն»,- նշել է Արամ Սուքիասյանը:

Մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել  ձևավորած համատեղ աշխատանքային խմբի հետ մասնակցելու բրենդավորման աշխատանքներին: Նշենք, որ Երևանի բրենդի մշակման աշխատանքները նախատեսված է ավարտել հոկտեմբերին և «Էրեբունի-Երևան» տոնակատարություններին ընդառաջ՝ ներկայացնել  հանրությանը:

Շնորհակալություն հայտնելով ուշադրության և գնահատականի համար` մասնակիցները պատրաստակամություն են հայտնել իրենց ներդրումն ունենալ գործընթացում և այդպիսով նպաստել նաև մայրաքաղաքի զարգացմանը:

Միջոցառման ընթացքում միջազգային փորձագետ, բրիտանական INSTID ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Գրանդը ներկայացրել է բրենդավորման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքներն ու հիմնական սկզբունքները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: