Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ամենից լավ աշխատում է հասարակական դիվանագիտությունը

hay-turk  Այսօր Երևանի «Congress» հյուրանոցի «Ball Room» դահլիճում տեղի ունեցավ «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը և հայ-թուրքական հարաբերությունները» թեմայով կոնֆերանս, որը կազմակերպվել էր «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» կողմից «Friedrich Ebert» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ: Կոնֆերանսին հրավիրված էին Թուրքիայում հայտնի «Arı» երիտասարդական շարժման անդամները, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների, Հայաստանում ազգային փոքրամասնությունների շահերը պաշտպանող միությունների անդամներ, երիտասարդ գիտնականներ, քաղաքագետներ և վերլուծաբաններ: Հանդիպմանը ներկա էին նաև մի շարք դիվանագետներ՝ մասնավորապես Հայաստանում Վրաստանի, Լիտվայի դեսպանները, ԵԽ-ի պատվիրակը, Չինաստանի և Ղազախստանի դեսպանատների ներկայացուցիչները:

Կոնֆերանսի ժամանակ ելույթ ունեցավ «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» տնօրեն Ստեփան Գրիգորյանը: Վերջինս մասնավորապես նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը և սահմանի բացումը որակապես կփոխի ողջ կովկասյան տարածաշրջանի պատկերը: Խոսքով հանդես եկավ նաև «Arı» շարժման տնօրեն, Լոնդոնի «Royal Holloway» համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետի շրջանավարտ Մերթ Քայհանը: Վերջինս անդրադարձավ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին՝ որակելով դրանք իբրև ժողովրդավարական գործընթաց: «Ժողովրդավարությունը նման է հեծանիվ վարելուն, իսկ շարժվող հեծանիվի վրա չես կարող կանգնել, քանի որ կընկնես: Թուրքիայում հենց այս գործընթացն է տեղի ունենում»,-նշեց Քայհանը: Նա ընդգծեց նաև, որ սխալ է «Գեզի» այգու շուրջ ծավալված իրադարձությունները համեմատել «արաբական գարնան» հետ, քանի որ թուրք երիիտասարդությունը չի պայքարում իշխանափոխության և արմատական փոփոխությունների համար, այլ հրապարակ է դուրս եկել սեփական ազատության համար:

Կոնֆերանսի ժամանակ մեկնաբանություններով հանդես եկան նաև «Երևանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանը, «Friedrich Ebert» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Նաիրա Գևորգյանը, «Turkish Review» պարբերականի գրական խմբագիր Ումիթ Քուրթը: Վերջինս անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների պատմությանը՝ սկսած 1991 թվականից: Խոսնակների ելույթներին հետևեց հարց ու պատասխան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ներկա հյուրերի միջև: Հիմնական գաղափարը, որին հանգեցին կոնֆերանսի մասնակիցները այն է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առայժմ ամենից լավ աշխատում է հասարակական դիվանագիտությունը: Այդ պատճառով էլ պետք է շարունակել և զարգացնել հասարակական հարթության վրա շփումներն ու համատեղ նախագծերի իրականացումը:

 

Տաթևիկ ՍԱՐԳՍՅԱՆ

Tags: ,