Հունիսի 29-ին Հայաստանում նշվում է անհայտ կորած ազատամարտիկների օրը: Միջոցառումներին առաջին անգամ մասնակցում էր նաև Շիրակի մարզը: Գյումրիի արցախյան ազատամարտին նվիրված “Փառքի թանգարանում” հիշատակի միջոռացում էր կազմակերպվել, որին մասնակցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ոստիկանության մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանը, “Հայկական Կարմիր խաչի” Շիրակի մարզային ներկայացուցիչները, ազատամարտիկներ, զոհված և անհայտ կորածների ընտանիքներ:
Արցախյան պարտադրված ազատամարտում, ըստ “Կարմիր Խաչի” տվյալների, հայկական կողմը տվել է մոտ 6000 զոհ և 600 անհայտ կորած ազատամարտիկներ: Իսկ Շիրակի մարզից 12 անհայտ կորած ազատամարտիկ կա, որից մեկը` սպա: Առ այսօր կատարվում են կորածների տվյալների հավաքագրում, փաստագրվում են անգամ զինվորների այնպիսի արտաքին նշաններ, որոնց զննությամբ հնարավոր կլինի այսքան տարի անց ճանաչել նրանց դիակները:
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, դիմելով անհայտ կորածների ընտանիքներին, նշեց. “Ես առանձնապես ասելիք չունեմ. դժվար է գտնել սփոփանքի խոսքեր որդեկորույս մոր կամ հարազատի համար: Միակ բանը, որ ես կասեմ` հույսով սպասենք, հույս ունենանք` մի բարի լուր կստանանք: Այսօր այցիս նպատակը մի քիչ այլ է. այն ընտանիքները, որոնք բացի մեծ կորստից ունեն խնդիրներ, ես կխնդրեի իրենց պրոբլեմներով դիմեին ինձ”:
