Թուրքիայում առաջին անգամ դատական գործ է հարուցվել հային վիրավորելու համար

դատարան   Թուրքիայում առաջին անգամ հանցանք է համարվել «հայ» բառի վիրավորական իմաստով օգտագործումը: Հայկական ծագում ունեցող Լևոն Բալջըօղլուն և նրա որդին Արթուն Բալջըօղլուն դատական հայց են ներկայացրել քաղաքացի Յուսուֆ Փոլաթի դեմ, որը նրանց «հայ գյավուրներ» է անվանել:

Թուրքական «Սաբահից» Աբդուռահման Շիմշեքի լուրի համաձայն՝ քաղաքացի Յուսուֆ Փոլաթին երկու տարվա ազատազրկում է սպառնում «հայ» բառ հայկական ծագում ունեցող մեկի նկատմամբ ստորացնող իմաստով կիրառելու համար: Եթե դատարանը Փոլաթին մեղավոր ճանաչի, ապա նա կդառնա առաջին մարդը, որը Թուրքիայում կպատժվի հայերին վիրավորելու համար: Դատական գործը քննող մարմինները հայտնել են, որ առաջին անգամ են հանդիպում «հայկականությանը վիրավորելու համար» դատական գործի հետ, որը վարելու են Եվրամիության և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սկզբունքների համաձայն: