ԱՄՆ Պետքարտուղարությունը ողջունել է ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու համար որպես երթուղի Անդրադրիատիկ գազամուղն ընտրելու “Շահդենիզ” կոնսորցիումի որոշումը: ԱՄՆ-ն կարծում է, որ Անդրադրիատիկ գազամուղը (TAP) կօգնի դիվերսիֆիկացնել գազի մատակարարումը Եվրոպա և ընդհանուր առմամբ ամրապնդել գլոբալ էներգետիկ անվտանգությունը, հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:
Հիշեցնենք, որ օրերս “Շահդենիզի” պաշտոնական ներկայացուցիչ Գորդոն Բիրելը հանդես էր եկաել հայտարարությամբ: Դրանում նշվում էր, որ կոնսորցիումն ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու համար հայտ ներկայացրած եվրոպական երկու մրցակից նախագծերից՝ “Նաբուկո վեսթ”-ից (Nabucco West) և “Անդրադրիատիկ գազամուղ”-ից (Trans Adriatic Pipeline, TAP), ընտրել է երկրորդը՝ TAP-ը:
“Սա մեծ ձեռքբերում է Ադրբեջանի համար և մեծ քայլ “Հարավային գազային միջանցք” ծրագրի իրականացման տեսանկյունից, որը կասպյան գազը պետք է հասցնի եվրոպացի սպառողներին: ТАР-ը նպաստելու է Եվրոպայում էներգետիկ անտանգության ապահովմանը և մեծացնելու է գազ մատակարարողների միջև մրցակցությունը: Բացի այդ, ТАР-ը կօգնի բավարարել էներգակիրների համաշխարհային պահանջարկը, ինչն իր հերթին կխթանի տնտեսական աճը”,- հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:
“Հարավային գազային միջանցք” նախագիծի նպատակն է շրջանցելով Ռուսաստանը դիվերսիֆիկացնել դեպի Եվրոպա էներգակիրների մատակարարման երթուղիներն ու աղբյուրները:
Tags: Nabucco West
