Ջահերով երթը համախմբել է հայ երիտասարդությանը

Photo 0001-2Ապրիլի 23-ի երեկոյան Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ջահերով երթը համախմբել է հայ երիտասարդությանը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կոչով բազմաթիվ ուսանողական, երիտասարդական կառույցներ, հասարակական կազմակերպություններ միացել էին ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների արդեն ավանդական դարձած ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդ:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ հայ երիտասարդությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում միասնական է, պահանջատեր ու իրավատեր։ «Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այս մեծ ողբերգության հետևանքով հայ ժողովուրդը զրկվեց սեփական հայրենիքի նկատմամբ իրավունքից, այդ իրավունքը պետք է վերականգնվի, և այդ ճանապարհին մեզ առաջին հերթին ազգային համախմբում է անհրաժեշտ՚,- նշեց Կարեն Ավագյանը:

Ըստ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի՝ Հայ  դատը միասնական պահանջատիրություն է։ ՙՋահերով երթը, բարեբախտաբար, դադարել է լինել մեկ կուսակցության կազմակերպած կամ մեկ կուսակցության համակիրների միջոցառում։ Այս միջոցառումն այլևս համահայկական է։ Սա այն տեղն է, որտեղ բոլորը համախմբված են և բոլորն իրենց հայ են զգում՝ անկախ հայացքներից»,- ասաց Վահան Հովհաննիսյանը։

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի անդամ Վազգեն Մկրտչյանն էլ նշեց, որ հայ երիտասարդությունը չի մոռացել և չի կարող մոռանալ մեր պատմության մեծագույն ողբերգությունը։ Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համատեքստում պետք է բարձրացնել նաև հատուցման և հայ ժողովրդի իրավունքների ձեռքբերման հարցը:

Նշենք, որ ապրիլի 23-ի երեկոյան Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային կենտրոնների նախաձեռնությամբ ջահերով երթեր և մոմավառություններ են կազմակերպվել նաև մարզերում։

 

Tags: