Բողոքարկման արդյունքում 94 դիմորդի գնահատական է բարձրացվել

գթկԳԹԿ-ն ամփոփել և հրապարակել է միասնական քննությունների առաջին փուլի բողոքարկումների արդյունքները:

Ընդհանուր առմամբ, 10 քննական առարկաներից ստացվել է 486 դիմում-բողոք:

379 դիմորդներ խնդրել են վերահաշվարկ կատարել:

Վերահաշվարկի արդյունքում 94 դիմորդների գնահատականները բարձրացվել են. համակարգիչը նրանց պարագայում թիվը սխալ է կարդացել` տվյալ առաջադրանքի համար միավոր չտալով: Մյուսների գնահատականները չեն բարձրացվել:

Բողոքարկողներից 108-ը խնդրել են միասնական քննությունների երկրորդ փուլին մասնակցելու հնարավորություն տալ իրենց` պատճառաբանելով, որ քննությունների ժամանակ վատառողջ են եղել, ինչի պատճառով էլ անբավարար են ստացել:

ԳԹԿ-ն, սակայն, մերժել է պահանջը, քանի որ ըստ ընթացակարգի վատառողջ լինելու դեպքում դիմորդները կարող էին քննասենյակում բարձրաջայնել այդ մասին, որպեսզի ներկա բժիշկը արձանագրեր խնդիրը և համապատասխան թուղթ տար:

Մերժվել են նաև թեստային տետրը ստուգելու պահանջները. ստուգվում է միայն ձևաթուղթը, իսկ թեստային տետրում գրված, բայց ձևաթուղթ չանցկացված պատասխանները չեն հաշվվում:

ԳԹԿ-ից տեղեկացնում են, որ բովանդակային որոշումներ չեն կայացվել:

Նշենք, որ այսօր միասնական քննությունների երկրորդ փուլին հայտագրվելու վերջին օրն է: Առաջին փուլին չմասնակցած դիմորդները մինչ ժամը 18:00-ն կարող են հայտ ներկայացնել ԳԹԿ-ում:

Լրացուցիչ փուլի մասնակիցները քննությունները կհանձնեն Երևանում ձևավորված քննակենտրոններում. հուլիսի 2-ին` «ռուսերեն», «հուլիսի 3-ին` «մաթեմատիկա», հուլիսի 4-ին` «կենսաբանություն», «աշխարհագրություն», ընդհանուր պատմություն», հուլիսի 5-ին` «հայոց լեզու և հայ գրականություն», հուլիսի 6-ին` «ֆիզիկա», հուլիսի 7-ին` «օտար լեզու» և հուլիսի 8-ին` «հայոց պատմություն», «քիմիա» առարկաներից:

Tags: , , , , ,