«Բլումբերգ»-ի տվյալները չեն համապատասխանում իրականությանը. մասնագետներ

Այսօր լրագրողների հետ հանդիպում ունեցան սոցիոլոգ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը և հոգեբանական գիտությունների դոկտոր Սրբուհի Գևորգյանը: Օրերս «Բլումբերգ» ընկերությունը ներկայացրել է ամենաանբարո երկրների ցուցակը, որտեղ Հայաստանը 4-րդ հորիզոնականում է:

Երկու բանախոսներն էլ համակարծիք էին, որ տվյալները թյուր են և դրանք կարող են լինել որևէ երկրի պատվեր:

Ահարոն ԱդիբեկյանԸստ սոցիոլոգի, եթե հավատանք Բլումբերգի տվյալներին, ուրեմն մեր հասարակության մեծ մասը ծխում է, խմում է և խաղամոլ է: Նա հատկապես զարմացել էր այն փաստի վրա, որ, ըստ Բլումբերգի տվյալների, Ադրբեջանում,որը հայտնի է ժողովրդի թմրամոլությամբ, նրանց թիվը կազմում է 20.000, իսկ հայաստանում թմրամոլների թիվը հասնում է 160.000-ի:

«Պետք չէ ուշադրություն դարձնել այս տվյալներին, բայց, ցավոք սրտի, մեր երկրի թույլ կողմերից է խաղատների խնդիրը:Մենք ունենք խմելու մշակույթ: Եթե 90-ական թթ. կին ծխողների թիվը չէր հասնում 1 տոկոսի, ապա այն այսօր կազմում է 4 տոկոս»,-նշեց Ահարոն Ադիբեկյանը:

Հոգեբանն էլ կարծում է, որ Հայաստանն ամենաանվտանգ երկրներից է.«Փոքր տարիքի երեխաները իրենց բակերում կարող են հանգիստ խաղալ` առանց ծնողների հսկողության, աղջիկները կարող են փողոց դուրս գալ երեկոյան, անգամ գիշերային ժամերի, դա գալիս է նրանից, որ մեզ մոտ անձի սոցիալական անվտանգությունը բարձր մակարդակի է»:

 

Մերի Բալասանյան