Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն հայտնած Արասթուն Օրուջլուն` “Արևելք-Արևմուտք” հետազոտական կենտրոնի ղեկավարը, հուլիսի 1-ին ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը, որում առաջարկում է նաև սահմանափակել երկրի ղեկավարի լիազորությունները:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, Օրուջլուն հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի լիազորություններն անսահմանափակ են, ինչը բացասաբար է ազդում երկրի ներքին և արտաքին քաղաքականության ու ապագայի վրա:
Նախագահի թեկնածուն, մասնավորապես, առաջարկում է նախագահին զրկել օրենսդրական նախաձեռնության իրավունքից կամ այդ իրավունքը հասցնել նվազագույնի, ավելացնել պատգամավորների թիվը` 125-ից հասցնելով 200-ի, իսկ խորհրդարանական ընտրություններն անցկացնել մեծամասնական-համամասնական ընտրակարգով: Վարչապետին պետք է նշանակի խարհրդարանը:
Նախագահի թեկնածուն նշել է նաև, որ անհրաժեշտ է բարեփոխել Ադրբեջանի դատական համակարգը՝ այն դարձնել ավելի անկախ, խթանել մանր ու միջին բիզնեսի զարգացումը, դիվերսիֆիկացնել բանկային հատվածը: Ըստ նրա` Բանկային հատվածը կենտրոնացած է 5-6 ընտանիքի ձեռքում, ընդ որում՝ 80 տոկոսը՝ միայն մեկ ընտանիքի:
Նախագահի թեկնածուն ասել է նաև, որ իր համար անհասկանալի է այն քաղաքականությունը, որն իշխանությունները վարում են երկրի անվտանգության ապահովման ուղղությամբ: “Ուկրաինայից գնվում են վերանորոգված ռազմական ինքնաթիռներ, իսկ դրանց համար նավիգացիոն սարքավորումները ձեռք են բերվում Ֆրանսիայից: Անհասկանալի է նաև, թե ինչու են խոշոր չափերի անօդաչու թռչող սարքեր գնվում”,-հայտարարել է քաղաքագետը:
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը` Արասթուն Օրուջլուն հայտարարել է, որ խնդրի` ռազմական ճանապարհով կարգավորումն անթույլատրելի է: “Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում փոխզիջումները, սակայն, անթույլատրելի են”,-ընդգծել է Օրուջլուն: “Խնդրի կարգավորման բանակցային գործընթացը խթանելու համար Ադրբեջանը պետք է դառնա ժողովրդավարական երկիր և ունենա կայացած քաղաքացիական հասարակություն”,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններ տեղի են ունենալու 2013թ. հոկտեմբերին:
Tags: ադրբեջան
