Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները միավորող Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը (Ազգային խորհուրդ) այսօր՝ հուլիսի 2-ին, 84 կողմ և մեկ ձեռնպահ ձայնով Ադրբեջանի նախագահի թեկնածու է առաջադրել խորհրդի ղեկավար հայտնի ռեժիսոր, դրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովին, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:
Ինչպես ավելի վաղ կանխատեսվել է, նրա թեկնածությանը հավանություն են տվել “Ադրբեջանի ազգային ճակատ”, “Բաց հասարակություն”, “Դասական ազգային ճակատ” և այլ կուսակացությունների ներկայացուցիչները:
Խորհրդի նիստի ընթացքում ընթերցվել է նաև Ադրբեջանի առողջապահության նախկին նախարար, ներկայում ազատազրկման մեջ գտնվող Ալի Իսանովի հայտարարությունը՝ ի պաշտպանություն Իբրահիմբեկովի թեկնածության:
Ընդդիմադիր հայտնի “Մուսավաթ” կուսակցության՝ Իբրահիմբեկովի թեկնածությունը պաշտպանելու շուրջ կասկածները ցրել է կուսակցության ղեկավար Իսա Ղամբարը: Նա հանդես է եկել Իբրահիմբեկովի թեկնածության պաշտպանությամբ: Մյուս կողմից՝ նախքան Իբրահիմբեկովի՝ որպես թեկնածուի պաշտոնական գրանցումը, ուժի մեջ է մնում “Մուսավաթի” նախկին որոշումը՝ նախագահի պաշտոնում Ղամբարի թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու սույն թվականի հոկտեմբերին:
Tags: ադրբեջան, Ռուստամ Իբրահիմբեկով
