Տարոն Մարգարյանի հրավերով Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը պաշտոնական այցով աշնանը կայցելի Երևան

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Մարսելի քաղաքապետի տեղակալ Կոլետ Բաբուչյանին:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նախ շնորհավորել է Մարսելը 2013թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ, ապա ընդգծել, որ 1992 թվականին ստորագրված բարեկամության և համագործակցության մասին համաձայնագրով Երևանի և Մարսելի միջև հարաբերությունների հիմքում ընկած են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական սերտ կապերը, որոնք էլ ավելի ամրապնդվեցին նախորդ տարի Մարսել կատարած պաշտոնական այցի և դրա շրջանակում քաղաքների միջև կնքված պայմանագրի թարմացմամբ:

Կարևորելով համագործակցության ընդլայնումն ու այդ համատեքստում Եվրամիության կողմից ֆինանսավորվող CIUDAD/GOSPEL ծրագրի շրջանակում Շենգավիթ վարչական շրջանի թիվ 52 դպրոցի մարզահրապարակի բացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը  վստահություն է հայտնել, որ ծրագիրը կլինի շարունակական։

“Այս տարիների ընթացքում մենք մի շարք համատեղ ծրագրեր ենք իրականացրել։  Մարզահրապարակը, որը բացեցինք այսօր, մեր բարեկամության և համագործակցության ընդլայնման ապացույցներից մեկն է: Օգտվելով առիթից՝ իմ շնորհակալությունն եմ փոխանցում Մարսելի քաղաքապետ պարոն Ժան-Կլոդ Գոդենին՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող CIUDAD/GOSPEL ծրագրին Երևանի անդամակցությունն առաջարկելու և ծրագրի իրականացման ընթացքում ցուցաբերած աջակցության համար։ Այսօր մեր կողմից բացված մարզադաշտը կծառայի ոչ միայն դպրոցի աշակարտներին, այլև ամբողջ թաղամասի բնակչությանը”,- նշել է  Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և Երևանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի ողջույններն ու շնորհավորանքը փոխանցելով Տարոն Մարգարյանին՝ Կոլետ Բաբուչյանը մեկ անգամ ևս հավաստել է, որ երկու քաղաքների միջև ձևավորված ջերմ և բարեկամական կապերը հետզհետե ավելի շատ գործնական ծրագրերի կվերածվեն: Անդրադառնալով “Մարսելը 2013թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք” հռչակվելու շրջանակում “Հայ-ֆրանսիական գերազանցության շաբաթ” միջոցառման անցկացմանը՝ տիկին Բաբուչյանը նաև նկատել է, որ այն եղել է բավականին հագեցած, ինչը հայ-ֆրանսիական սերտ հարաբերությունների ևս մեկ վառ ապացույց է: Մարսելի քաղաքապետի տեղակալը տեղեկացրել է նաև, որ “Մարսելը 2013թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք” հռչակվելու շրջանակում Մարսելում բացվել է Անրի Վերնոյի անվան հրապարակ, բացի այդ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին էլ շնորհվել է Մարսելի պատվավոր քաղաքացու կոչում:

“Որպես արմատներով հայ՝ ինձ համար, պարոն քաղաքապետ, իսկապես մեծ հպարտություն է նաև արձանագրել, որ Մարսելի քաղաքապետի այս տարի նախատեսված պաշտոնական միակ այցը լինելու է Երևան, ինչի մասին պարոն Ժան-Կլոդ Գոդենը հպարտորեն հայտարարեց “Մարսելը 2013թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք” միջոցառումների շրջանակում կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ: Վստահ եմ, որ այս հանգամանքը Մարսելի և Երևանի միջև հաստատված առանձնահատուկ բարեկամության ամենախոսուն ապացույցն է”,- նշել է Կոլետ Բաբուչյանն ու ընդգծել նաև, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը ևս պատրատակամ է աջակցելու համատեղ ծրագրերի ակտիվացմանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին Մարսելի քաղաքապետին է փոխանցել ջերմագին ողջույններն ու վստահեցրել, որ Երևանում սիրով սպասում են պարոն Ժան-Կլոդ Գոդենի այցին, որի շրջանակում կքննարկվեն երկու քաղաքների միջև առկա ջերմ և բարեկամական կապերն էլ ավելի ընդլայնելու և համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու հեռանկարները:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: