Եգիպտոսի մայրաքաղաքում նախագահ Մուրսիի համախոհների ու անվտանգության ուժերի հետ բախումների հետևանքով ավելի շատ մարդիկ են զոհվում:
Երկրի առողջապահության նախարարության ներկայացուցչի տվյալներով,կա 16 զոհ, ավելի քան 200 մարդ վիրավոր է: Թե նրանցից քանիսն են ոստիկան` պարզ չէ: Ականատեսները պատմում են հրաձգության, արցունքաբեր գազի մասին: Անկարգությունները Կահիրեի համալսարանի մոտ սկսվեցին այն բանից հետո, երբ նախագահ Մուրսին 45-րոպեանոց ելույթով դիմեց եգիպտացիներին: Նա հիշեցրեց, որ ընտրվել է ժողովրդավարական պրոցեդուրայի արդյունքում ու կտրականապես հրաժարվեց հեռանալ` խոստանալով “կյանքի գնով” պահպանել սահմանադրական կարգը: Նրա խոսքը տարակուսանքով ընդունեցին նրա մի քանի մլն հակառակորդները: Ընդդիմության ներկայացուցիչ Խալեդ Դաուդը նրա խոսքն անվանեց քաղաքացիական կռվի հայտարարություն, քանի որ Մուրսին անտեսում է քաղաքացիների` պաշտոնը թողնելու կոչերը:
Երեքշաբթի լրացավ ընդդիմության 48-ժամյա ուլտիմատումի ժամկետը: Ընդդիմությունը պահանջում էր Մուրսիի հրաժարականը: Մինչդեռ, նման ուլտիմատում է ներկայացրել Եգիպտոսի բանակը բոլոր քաղաքական ուժերին ու այն լրանում է այսօր` 18:00-ին: Գեներալները խոստացել են երկրում տիրող իրադրությունը հսկողության տակ վերցնել, եթե քաղաքական գործիչները չդադարեցնեն հակադրությունն ու կոմպրոմիսի չգնան:
Tags: Մուրսի