Ադրբեջանում հերթական ակտիվիստն է դատապարտվել

1 (8)Ադրբեջանում հերթական ակտիվիստն է ազատազրկման դատապարտվել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, Սումգայիթի շրջանային դատարանը հուլիսի 3-ին 2,5 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր “Ազգային ճակատ” կուսակցության անդամ Դաշգին Մելիքովին:  Նա մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 234.1 հոդվածի հատկանիշներով (թմրանյութերի ապօրինի ձեռք բերելն ու պահելը):

Մելիքովի փաստաբան Ասաբալի Մուսթաֆաևը դատավճիռը որակել է “անարդար”, “չմհիմնավորված” և “անօրինական”: Ըստ դատապաշտպանի` ակտիվիստի նկատմամբ ներկայացված մեղադրանքը քաղաքական շարժառիթ ունի: “Այդ մասին է վկայում նաև այն, որ դատավորը նույնիսկ հաշվի չառավ, որ երիտասարդը բրոնխյալ ասթմա ունի, 2-րդ կարգի հաշմանդամ է”,-նշել է նա:

Մելիքովի ընկերները ևս վստահ են, որ ակտիվիստը ճաղերի ետևում է հայտնվել քաղաքական գործունեության պատճառով: Նրանց խոսքով՝ Մելիքովը ակտիվորեն  մասնակցել է հակակառավարական բողոքի ակցիաներին և սոցիալական ցանցերում քննադատել է իշխանություններին:
Ակտիվիստը ձերբակալվել էր մարտի 25-ին: Ադրբեջանցի իրավապաշտպանները Մելիքովին համարում են հերթական քաղբանտարկյալը Ադրբեջանում:

Կայքը հաղորդում է, որ Ադրբեջանում մոտ 100 քաղբանտարկյալ կա:

 

 

Tags: