ԱԺ փոխնախագահն ընդունեց Հայաստանում Լիտվայի դեսպանին

Sharmazanovi handipumԱզգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լիտվա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հուլիսի 4-ին ընդունեց Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին երկու երկրների քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի հետագա զարգացմանն ու խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր:

Անդրադառնալով  ժողովրդավարության ուղին բռնած Հայաստանի  հավասարակշռված արտաքին քաղաքականությանը՝ ԱԺ փոխնախագահը  հավաստիացրեց, որ եվրաինտեգրումը եղել և մնում է մեր երկրի  առաջնահերթություններից մեկը: Նա հույս հայտնեց, որ Լիտվան՝ որպես ԵՄ անդամ, իսկ վերջերս նաև այդ կառույցում նախագահությունն ստանձնած երկիր, կաջակցի Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին: Էդուարդ Շարմազանովը դեսպանին ծանոթացրեց նաև տարածաշրջանային անվտանգությանն ուղղված Հայաստանի վարած քաղաքականությանը. մասնավորապես նա խոսեց ԼՂ հիմնախնդիրը բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու Հայաստանի ջանքերի և Հայաստանը շրջափակելու թուրքական  քաղաքականության անթույլատրելիության մասին:

Դեսպան Էրիկաս Պետրիկասը, բարձր գնահատելով Հայաստանի վարած տարածաշրջանային կայունության ու հարևանների հետ խաղաղ գոյակցության քաղաքականությունը, նշեց, որ Լիտվայի իշխանությունները աջակցում են հիմնախնդիրները խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու Հայաստանի ջանքերին: Նա ողջունեց նաև եվրաինտեգրման ու ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում Հայաստանի հետևողականությունը և հավաստիացրեց, որ իր երկիրը պատրաստ է աջակցելու Հայաստանին այդ ճանապարհին հանդիպող դժվարությունները հաղթահարելու հարցում:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Tags: