Աշոտյանը հեռացրեց ԲՈՀ-ի ղեկավարին զբաղեցրած պաշտոնից

Ղուկասյան, ԱշոտյանՔիչ առաջ «Անկախ»-ին հայտնի դարձավ, որ Քաղծառայության խորհուրդը որոշել է համաձայնություն տալ ԿԳՆ աշխատակազմի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանի նկատմամբ ծառայողական պարտականությունն անհարգելի պատճառով չկատարելու համար կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու վերաբերյալ:

Արտուշ Ղուկասյանն  «Անկախ»-ի հետ զրույցում ասաց, որ դրանից րոպեներ անց նախարար Արմեն Աշոտյանի հրամանով իրեն տրվել է երկրորդ խիստ նկատողությունը, ինչը հիմք կհանդիսանա իրեն աշխատանքից ազատելու: Իսկ ավելի ուշ արդեն հայտնեց, որ Աշոտյանն ազատման հրաման է տվել:

Ղուկասյանը Քաղծառայության խորհրդի կողմից քննությունն օբյեկտիվ չի համարում: «Ծառայողական պարտականությունները անհարգելի պատճառով չկատարելու պատճառով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի մայիսի 7-ի հանձնարարականը չկատարելու համար իմ նկատմամբ կիրառվեց «խիստ նկատողություն» կարգապահական տույժ,-հիշեցնում է նա նախարարի մայիսի 24-ի հրամանը` նշելով, սակայն, որ այդ հանձնարարականի պահանջները կատարվել են դեռևս ապրիլի 29-ին,-այսինքն` մայիսի 7-ի հետ կապված որևէ խնդիր չկա և սրա համար 2 անգամ նկատողություն տալ` այն էլ ետին թվով, սա արդեն ուրիշ բան է նշանակում»:

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը Ղուկասյանին երկրորդ նկատողություն հայտնելու վերաբերյալ Քաղծառայության խորհրդի համաձայնությունը ստանալու համար խորհուրդ էր դիմել մեկ այլ հանձնարարական չկատարելու համար, ինչի առթիվ էլ քաղծառայության խորհուրդը ծառայողական վարույթ էր իրականացրել, սակայն նախարարի այսօրվա հրամանի հիմքը վերաբերում է առաջին նկատողությանը: «Հրամանի մեջ երկրորդի մասին որևէ խոսք չկա: Ստացվում է, որ մեկ հանձնարարականի վերաբերյալ երկու խիստ նկատողություն է տրվել, ինչը քաղծառայության մասին օրենքի խախտում է: Սա Էլեմենտար ժուլիկություն է»,-ասաց Ղուկասյանը:

Նա հայտնեց, որ կփորձի իր իրավունքները պաշտպանել դատական կարգով:

Քաղծառայության խորհրդի նախագահի մամլո քարտուղար Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ խորհուրդը խիստ նկատողության վերաբերյալ իր համաձայնությունը տվել է, քանի որ ծառայողական քննության արդյունքները ցույց են տվել , որ նման տույժ կիրառելու համար առկա են բավարար հիմքեր: Նա նաև ընգծեց, որ ծառայողական քննությունը իրականացել է միայն երկրորդ նկատողության մասով: «Համակողմանի, լուրջ ծառայողական քննություն է անցկացվել և Ղուկասյանին սահմանված կարգով ներկայացվել են քննության ընթացքում առկա բոլոր նյութերը»,-ասաց նա:

Երբ զանգահարեցինք Կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանին, որպեսզի վերջինս պաշտոնապես հաստատի նախարարի այօսրվա հրամանը, նա զարմացավ. «Քաղծառայության խորհրդում ծառայողական քննությունն ավարտվե՞լ է»:

Նա ոչ տեղյակ էր Քաղծառայության խորհրդի որոշումից, ոչ էլ նախարարի այսօրվա հրամանից…

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խիստ նկատողություն էր հայտարարել ԲՈՀ-ի նախագահ Արտուշ Ղուկասյանին` հանձնարարականները թերի կատարելու համար,  ապա դիմել էր Քաղծառայության խորհուրդ՝ Ղուկասյանին 2-րդ նկատողություն հայտարարելու համաձայնություն ստանալու համար, ինչը հիմք կդառնա նրան աշխատանքից ազատելու: Իր հերթին Քաղծառայության խորհուրդ էր դիմել նաեւ ԲՈՀ-ի նախագահը` նախարարի նկատողության իրավաչափությունը պարզելու խնդրանքով:

Tags: ,