«Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնի հոբելյանական մեկնարկը նշանավորող իրադարձություններ

DSCN4306Այսօր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները հանդես եկան Փառատոնի բացմանն ընդառաջ մամլո ասուլիսով: «Ոսկե ծիրան» ՄԿՓ հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, «ԱՊՀ երկրների կինոն» ծրագրի համակարգող Անահիտ Ղազարյանը լրագրողներին ներկայացրեցին «Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնի հոբելյանական մեկնարկը նշանավորող իրադարձությունները:
Փառատոնի բացման օրը` հուլիսի 7-ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մեծ շանսոնեյի մասնակցությամբ տեղի կունենա անվանական «Աստղի» բացման արարողությունը: Որին կհաջորդի կինոփառատոնի առաջին ցուցադրությունը` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կցուցադրվի Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակել դաշնակահարի վրա» ֆիլմը, որի գլխավոր դերում է հանդես գալիս Ազնավուրը:
Կինոփառաոնի ընթացքում կհանձնվեն նաև մի շարք մրցանակներ: Շառլ Ազնավուրը կպարգևատրվի «Փարաջանովյան թալեր» մրցանակով: Նույն մրցանակը համաշխարհային կինոյում մեծ վաստակի համար կստանան նաև Մարգարեթե Ֆոն Թրոթան, Իշտվան Սաբոն, Ներսես Հովհաննիսյանն ու Յոս Ստելինգը: Իսկ Ուլրիխ Զայդլը, ում «Դրախտ» եռապատումը կենրկայացվի փառատոնի արտամրցույթային ծրագրում, կարժանանա փառատոնի «վարպետ» մրցանակին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձնումը, որը այս տարի կշնորհվի Արտավազդ Փելեշյանին:

Tags: