Առաջին անգամ Գյումրիում մեծ շուքով նշվեց ՀՀ Սահմանադրության օրը: Գյումրիի քաղաքապետարանի ու Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժինները համատեղ կազմակերպել էին ՚Եռագույն՚ քայլերթ և տոնական համերգ:
Մասկացնում էին քաղաքի բուհերի ուսանողները, քաղաքապետարանի ու մարզպետարանի ենթակայության տակ գտնվող կազմակերպությունները, ակտիվիստներ, հասարակ գյումրեցիներ:
ՙ2006թ. հունիսի 15-ին ՀՀ ԱԺ-ն օրենքներ ընդունեց՝ դրոշի և զինանշանի մասին: Դրանից հետո միշտ հունիսի 15-ին կամ հունիսի երկրորդ կեսին կազմակերպվում են միջոցառումներ՝ նվիրված այդ օրերին: Երեկվա կառավարության նիստում մշակույթի նախարարի կողմից հարց էր ներկայացվել, որպեսզի պետական խորհրդանշաններին նվիրված տոնը մտնի ՀՀ պետական տոների ցանկում: Եվ այսօր մեր Սահմանադրության օրն է, ու որոշվել է հանարապետության մարզերում և Երևանում պետական խորհրդանշաններին նվիրված տոնն անցկացնել Սահմանադրության օրը՚, – archive2.ankakh.com-ին փոխանցեց Շիրակի մարզպետարանի սպորտի և մշակույթի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը:
Միջոցառումները մեկնարկեցին Վարդանանց հրապարակից, որտեղ եռագույն շապիկներով, դրոշներով, Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի դրոշներով ու շապիկներով, Գյումրու փողային նվագախմբի ուղեկցությամբ մասնակիցները շարժվեցին դեպի թատերական հրապարակ: Երթի առջևից ընթանում էր ՀՀ մեծ դրոշը, ապա մյուս դրոշակակիրներն ու նվագախումբը: Նրանք քայլերթով անցան Ռիժկովի ճեմափողոցը, Խաղաղության օղակը, Սայաթ-Նովա փողոցը, Անկախության հրապարակը: Երթն ավարտվեց թատերական հրապարակում, և սկսվեցին պարային խմբերի ու անհատ կատարողների ելույթները:
Ընթերցվեցին նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի շնորհավորական ուղերձները:
Իսկ արդեն ժամը 16:00-ից մարզի պատվիրակությունը կմեկնի Երևան՝ օրվա գլխավոր քայլերթին մասնակցելու համար:
Tags: գյումրի