Գաղտնիք չէ, որ հեթանոսական մի շարք ծիսական տոներ իրենց տեղն են գտել Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցում: Այս կիրակի հայկական եկեղեցին տոնում է Վարդավառը` հինգ տաղավար տոներից մեկը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ազգագրագետ Սոնա Պապիկյանը և “Վարդավառ 2013” միջոցառման կազմակերպիչ “ՄԱՐՕԳ Մարքեթինգ” ընկերության հիմնադիր տնօրեն Դիանա Հովհաննիսյանը խոսեցին տոնի խորհրդի, դարեր առաջ այն նշելու առանձնահատկությունների ու ավանդույթների, ինչպես նաև այս տարի Վարդավառին անցկացվելիք միջոցառումների մասին:
Վարդավառն այս տարի նշվում է Սուրբ Զատիկից 98 օր անց` հուլիսի 7-ին:
Ըստ ազգագրագետի` Վարդավառի տոնը հեթանոսական ժամանակներից եկած տոն է և նվիրված է եղել ջրի աստվածուհի Նարին, ինչպես նաև սիրո աստվածուհի Աստղիկին. “Վարդ անունը կապվում է ծաղկեփնջերի նվիրման հետ: Այդ օրը, եթե տղան աղջկան խնձոր էր տալիս` նշան է, որ համակրում է նրան: Վարդավառին սովորության համաձայն մատաղ էին անում: Այսօր էլ, չնայած տոնը չի պահպանել իր խորհուրդը, սակայն մի շարք գյուղերում ուլ, գառ են մորթում”,-հավելեց Սոնա Պապիկյանը:
Համաձայն տոնի այդ օրը մարդիկ չպետք է վիրավորվեն, երբ իրենց վրա ջուր են ցողում, ընդհակառակը այն միմյանց հետ անկաշկանդ շփվելու միջոց է: Ջրելը նաև երաշտից խուսափելու և առատ բերք ունենալու խորհուրդ ունի:
“Հայաստանում արդեն չունենք Վարդավառ՝ ունենք ջրոցի: Տոնը կորցրել է իր երբեմնի խորհուրդը և մենք կազմակերպել ենք ավանդական Վարդավառ, որտեղ կլինի այն ամենը, ինչը առնչվում է տոնին”,-ասաց Դիանա Հովհաննիսյանը, մանրամասնելով, որ հուլիսի 7-ին Սիրահարների այգում 11:00-ից մինև 17:00-ն տեղի կունենա “Վարդավառ 2013” միջոցառումը, որի նպատակն է վերականգնել սիրված տոնն իր ազգային ծեսերով ու ավանդույթներով: Նախատեսվում է լուսանկարահանում հանրաճանաչ մարդկանց կողմից, “Vardatalk” /տարբեր ոլորտներից հայտնի ներկայացուցիչներ խոսում են Վարդավառի մասին/, հյուրասիրություն` տոնին հատուկ ուտեստներով և այլն:
Լուսինե Ասատրյան
Tags: վարդավառ