Իլհամ Ալիևը կոպտորեն խախտում է սահմանադրությունը. նախագահի թեկնածու Իբրահիմբեկով

1Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ընդդիմությանը անվանարկելով և զրպարտելով, կոպտորեն խախտում է երկրի սահմանադրությունը, հայտարարել է ադրբեջանական ընդդիմադիր Ազգային խորհրդի նախագահ, նախագահի թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովը` մեկնաբանելով Ալիևի՝ Ադրբեջանի ՆԳՆ-ի Ոստիկանական ակադեմիայում հուլիսի 2-ին ունեցած ելույթը:
“Ալիևը, վերջին ելույթում իր ընդդիմախոսներին ուրացող, դավաճան ու թշնամական տարր անվանելով, ոչ միայն այդ մարդկանց է վիրավորում, այլև ժողովրդին հասկացնում է, որ իր հակառակորդների հետ շփվելով` նրանք ևս դավաճան են դառնում: Դա ընտրողների նկատմամբ բարոյական ճնշում գործադրել, նրանց ահաբեկել է”,- ադրբեջանական “Թուրան” գործակալության հետ զրույցում ասել է Իբրահիմբեկովը:

Նախագահի թեկնածուն հայտնել է նաև, որ ինքը հրաժարվել է Ռուսաստանի դաշնության անձնագրից: “Ադրբեջանի ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախագահի թեկնածուն երկքաղաքացիություն չի կարող ունենալ: Այդ պատճառով էլ ես հրաժարվել եմ ռուսական անձնագրից”,-նշել է Իբրահիմբեկովը:

Հուլիսի 2-ին` ՆԳՆ-ի Ոստիկանական ակադեմիայում ելույթ ունենալու ժամանակ, Իլհամ Ալիևը անդրադարձել էր նաև ընդդիմադիր Ազգային խորհրդին`հայտարարելով, որ խորհրդի կազմում “հավաքվել են ապակառուցողական և դավաճան տարրեր”:
Հավելենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2013թ.-ի հոկտեմբեին: Իշխող “Ենի Ազերբայջան” կուսակցությունը երրորդ անգամ առաջադրել է գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը:

Tags: ,