“Հայաստանի Ազգային ժողովում Մոլդովայի մարդու իրավունքների պաշտպանի ելույթը ապացուցում է, որ միջազգային հանրությունը չի կարող համակերպվել Հայաստանի զավթողական և ռազմատենչ քաղաքականությանը”,- պաշտոնական Բաքուն արձագանքել է փաստաբան Աուերալյա Գրիգորիուի` ՀՀ Ազգային ժողովում արած ադրբեջանամետ հայտարարությանը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը հայտարարել է. “Դա ոչ միայն խիզախ, այլև օբյելտիվ քայլ էր: Հայաստանը պետք է հասկանա, որ իրեն չի հաջողվի թաքցնել մարդկության դեմ ուղղված հանցագործությունը, որը իրականացրել է Խոջալուում”:
Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցող համաեվրոպական խորհրդաժողովի շրջանակներում հուլիսի 4-ին Աուրելիա Գրիգորիուն “Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը սառեցված հակամարտությունների տարածքում» թեմայով իր զեկույցի ժամանակ հայտարարել է. “Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է”։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հակադարձել է այս ապատեղեկատվությանը: “Ես չգիտեմ, թե դուք ում պատվերն եք իրականացնում, հարգելի փաստաբաններ, բայց ձեր ելույթները կարող եք ձայնագրել, որպեսզի ձեր պատվիրատուները ձեզ շնորհակալություն հայտնեն”,-ընդգծել է Նաղդալյանը:
